Սփյուռքի նախարարության կոչով հայրենիք եկած պատանիներն ամենաշատն են տպավորել Հռոմի պապին

Երեք աննկատ ակնթարթների նման թռան երեք հագեցած օրերը, որոնք Հռոմի պապն անվանեց ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյան երկիր: Օրեր, որոնք դրոշմվեցին ժամանակակիցների մտքում ու սրտում, և որոնց մասին դեռ երկար կխոսի աշխարհն ու մամուլը, քանի որ Սրբազան Քահանայապետի այցը ինչպես պատմական էր իր տեսակի մեջ, այնպես նաև բազմաթիվ հարցադրումներ ու հետևություններ առաջ քաշող: Թուրքիան արդեն իսկ առաջին արձագանքներն է երևան բերում` դժգոհություն հայտնելով Պապի կողմից «Ցեղասպանություն» եզրի գործածման առիթով:

Որոնք էին Հռոմի պապի` Հայաստան եռօրյա այցի գլխավոր հանգրվանները, ինչ հիշարժան դրվագներ եղան այս օրերի ընթացքում ու, ի վերջո, ինչն է ամենից շատ զարմացրել ու հմայել Ֆրանցիսկոս Պապին:

Եվ այսպես, ամեն ինչ` սկզբից… Ավանդական աղուհացի փոխարեն, Հայաստանում Հռոմի պապին դիմավորեցին լավաշով ու ծիրանով, որի արևահամ բույրն անտարբեր չթողեց անգամ Պապին: «Երբ ժամանեցինք Հայաստան, մեր սենյակներից մեկում հայտնաբերեցինք մի սկուտեղ՝ լի սքանչելի հայկական ծիրանով, մեծ հաճույք ստացանք այն ուտելուց: Այս իմաստով, պապը լրիվ իրազեկ է ծիրանի մասին ու շատ է այն գնահատում»,- այցի մեկնարկից ժամեր անց հայտարարեց Հռոմի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:

«Հիշողությունը չի կարելի ո´չ պղտորել, ո´չ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է». ահա այսպիսի խորհրդածություններով էր Հռոմի պապը բարձրացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ անմար կրակի մոտ նա ծաղիկներ խոնարհեց 1,5 միլիոն անմեղ նահատակների համար:

Հենց այդ հիշողությունն էր, որ հուշեց պապին ՀՀ Նախագահի նստավայրում արտասանված խոսքում փոխել նախապես պատրաստված տեքստի բովանդակությունն ու ի լուր աշխարհի հայտարարել, որ 101 տարի առաջ եղած ողբերգությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ցեղասպանություն: Ավելի ուշ` Հռոմ վերադառնալիս, ինքնաթիռում տված հարցազրույցում Ֆրանցիսկոս պապը պարզաբանեց. «Հայերի ոչնչացման վերաբերյալ ես այլ բառ չգիտեի, բացի Ցեղասպանությունից: Իմ ելույթում այդ բառը չկար, բայց այն բանից հետո, երբ ես լսեցի Հայաստանի Նախագահի ելույթի տոնը, իմ կողմից շատ տարօրինակ կհնչեր, եթե ես չասեի նույնը, ինչ և մեկ տարի առաջ»:

Հայկական խորհրդանիշերից մյուսը` Արարատը, Ֆրանցիսկոս պապի առաջ իր ողջ գեցեցկությամբ բացվեց, երբ նա այցելեց Խոր Վիրապ: Հենց այստեղ Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսն ու կաթոլիկ համայնքի Հովվապետը միասին խորհրդանշական աղավնիներ բաց թողեցին բիբլիական Արարատի ուղղությամբ` խաղաղություն ցանկանալով մեր երկրին, տարածաշրջանին ու ամբողջ աշխարհին:

Ամփոփելով նախորդող երեք օրերը` չենք կարող չնշել նաև Գյումրիում և Էջմիածնում մատուցված հոգեպարար Պատարագները, որոնք յուրահատուկ կերպով ընդգծեցին քույր եկեղեցիների միասնականությունը և առավել լսելի դարձրեցին դրանց Հովվապետերի աղոթքը Խաղաղության համար:

Խաղաղության  ընդհանրական աղոթքն էր նաև հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում կայացած էկումենիկ արարողության հիմքում, որը եզրափակվեց անչափ գեղեցիկ ու խորհրդանշական կերպով: ՀՀ սփյուռքի նախարարության կոչով Մերձավոր և Միջին Արևելքից ժամանած հայ պատանիներն ու երիտասարդները Ամենայն Հայոց կաթողիկոսին և Հռոմի սրբազան քահանայապետին մատուցեցին օրհնության համար իրենց երկրներից բերված հողը: Հողը և ջուրն օրհնելու նվիրական արարողությունից հետո այն լցվեց բեմահարթակի վրա դրված Նոյյան տապանի մանրակերտի մեջ:

Ավարտին Հռոմի պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը  ջրեցին տապանը, որտեղ տնկված էր Նոյ նահապետին խորհրդանշող հայկական խաղողի որթատունը: Ֆրանցիսկոս պապը հեռացավ` իր հետ տանելով այն տապանի մանրակերտը, որը մարդկության փրկության ու վերածննդի խորհրդանիշն է:

Ի դեպ, հատկանշական է, որ հենց այս վերջին արարողությունն է ամենից շատը տպավորել Հռոմի պապին: Այցի ավարտին Հայաստանից ստացած բազմաթիվ նվերների շարքում նա առանձնացրել է տապանի մանրակերտն ու դրանում տնկված խաղողի որթը:

Խորհրդանշական այս արարողությունը, որի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է ՀՀ սփյուռքի նախարարությունը, անհնար կլիներ կյանքի կոչել առանց մասնակից երիտասարդների ու պատանիների երկրներում գործող կազմակերպված համայնքի, եկեղեցու, որոնց ներկայացուցիչներն իրենց գործուն մասնակցությունն ունեցան նախապատրաստական գործընթացում:

Շնորհակալությո´ւն բոլոր համայնքների պատասխանատուներին, Հայոց թեմերին ու մասնակիցների ծնողներին` մերօրյա պատմության մի փոքրիկ պատառիկը կերտելու պատրաստակամության համար:

Շնորհակալություն նաև ձե´զ, սիրելի´ երիտասարդներ: Թո´ղ Հռոմի պապից ստացած օրհնությունը ուղեկից լինի ձեզ ողջ կյանքում:

Ջուլիետա Մաթևոսյան

Հայերն այսօր

Scroll Up