Կրասնոդարի հայկական համայնքի աջակցությունը Հայոց բանակին
Ադրբեջանի կողմից սանձազերծած Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերից Կրասնոդարի հայ համայնքը շտապեց օգնության ձեռք մեկնել Հայաստանին և Արցախին: Ցուցաբերած օգնությունը՝ շուրջ 30 տոննա, սննդամթերքի, կենցաղային ապրանքների տեսքով է եղել:
Օրեր առաջ համայնքը հանդես է եկել մեկ այլ նախաձեռնությամբ, որի մասին «Հայերն այսօրի» հետ զրույցում մանրամասներ հաղորդեց Կրասնոդարի հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Գևորգյանը.
«Կրասնոդարի հայ համայնքի կողմից սա արդեն երկրորդ օգնությունն է Արցախին: Այս անգամ երկու շտապ օգնության մեքենա բերեցինք՝ հագեցած բժշկական գերժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով կարելի է մեքենայի մեջ արդեն անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել, նույնիսկ՝ վիրահատություն կատարել: Բերել ենք նաև հինգ սառնարան՝ պահուստային արյուն պահելու համար: Ի դեպ, շտապ օգնության մեքենաներն ու սառնարանները Մուրացանի զինվորական հոսպիտալին ենք հանձնել, իսկ համապատասխան տեխնիկա տրամադրելու անհրաժեշտությունը՝ պարզել ենք հոսպիտալի տնօրինության հետ քննարկման արդյունքում»:
Ռազմիկ Գևորգյանը ցուցաբերած օժանդակությունները շատ է կարևորում և բարձր գնահատում այն պատճառով, որ այն Կրասնոդարի հայ համայնքի համախմբված աշխատանքի շնորհիվ է կազմակերպվել: Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները, տեղեկանալով Հայաստանում և Արցախում տեղի ունեցող դեպքերի մասին, սրտի մեծ ցավ են ապրել և փորձել հնարավորության սահամններում աջակցել:
«Կրասնոդարում քառասունհինգ հայկական համայնք է գործում, որոնք այդ օրհասական պահերին մեկ բռունցք դարձան և մասսայական դրամահավաք կազմակերպեցին: Հայ զինվորներին որևէ կերպ սատարելը՝ մեծ նշանակություն ունի, որովհետև նրանցից յուրաքանչյուրի կյանքը շատ թանկ է բոլորիս համար: Նմանօրինակ նախաձեռնություններ կատարելով՝ մեր հոգու և խղճի առջև հանգիստ ենք զգում: Վստահեցնում եմ, որ Սփյուռքը միշտ Հայաստանի կողքին է կանգնած և պատրաստ է դժվարությունների ժամանակ արձագանքել: Մենք մեկ ազգ և մեկ ամբողջություն ենք»,- իր եզրափակիչ խոսքում ասաց Ռազմիկ Գևորգյանը:
Գևորգ Չիչյան