«Մեզ հնարավորություն է տրված ճանաչելու մեր Հայրենիքը. «Արի տուն-2016» ծրագրի մասնակից

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2016» թվականի մասնակից, ամերիկահայ Հրաչ Բլիկյանը «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց, որ ամեն տարի անհամբերությամբ է սպասում ամառային արձակուրդներին, որպեսզի ծնողներին խնդրի՝ իրեն կրկին Հայաստան տանել:
Այստեղ իրեն շատ լավ է զգում, կարողանում է լիարժեք հանգստանալ: Հայաստանում ապրող մարդկանց մասին խոսելիս՝ ասում է, որ նրանց հետ հաղորդակցվելը հեշտ է, երբ որևէ հարցով դիմում է նրանց, պատրաստակամ են օգնելու: Ապրելով ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում՝ Հրաչը հայկական դպրոց է հաճախում, որպեսզի լավ տիրապետի հայերենին:
«Արի տուն» ծրագիրը շատ է հավանել: Առավոտյան ոգևորությամբ է արթնանում և շտապում հայոց լեզվի դասընթացներին, որից հետո մասնակիցների հետ շրջագայության է մեկնում Հայաստանի տեսարժան վայրերով:
«Ընկերներիս հետ եմ մասնակցում «Արի տուն» ծրագրին: Որոշում կայացնելուց հետո հասկացանք, որ մեզ հնարավորություն է տրված մոտիկից ճանաչելու մեր Հայրենիքը, ծանոթանալու հայկական մշակույթին: Երբ որևէ եկեղեցի, թանգարան կամ այլ շինություն եմ տեսնում, հիշում եմ, որ դրանք նախապես համացանցի միջոցով էի ուսումնասիրել ՝ լավ պատկերացնելու, թե որտեղ եմ այցելելու»,-ասաց Հրաչ Բլիկյանը:
Գևորգ Չիչյան