Ծաղկազարդի հայ վարպետի շոուն Ռումինիայի Կլուժ քաղաքում

Հունիսի 12-ին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի թանգարանում տեղի է ունեցել հայտնի ֆլորիստ, Մոսկվայի ֆլորիստական դպրոցի տնօրեն Արայիկ Գալստյանի «Grand World Wedding Show» ծրագրի բացումը: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ծաղկարվեստի մասնագետների մոտ, միջոցառմանը ներկա են եղել պաշտոնական եւ մշակութային շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ: Շոուի ընթացքում ներկայացվել են հայազգի ֆլորիստի աշխատանքները, ապա ռումինացի դիզայներների կողմից ստեղծված հագուստները, որոնց համահունչ ծաղկե հարդարանքներ էր ստեղծել անձամբ Արայիկ Գալստյանը:

Ըստ «Արմենպրեսի»՝ ծրագրի աջակիցներից էին Կլուժի Արվեստի թանգարանի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը/Lucian Nastasa-Kovacs եւ TVR Cluj-ի հայտնի հեռուստալրագրող, Ռումինիայի Հայոց միության Կլուժի մասնաճյուղի ղեկավար Կարեն Աթիլա Սեբեշին/Karen Sebesi, որն էլ բացել է միջոցառումը, կատակելով, թե հայերը ներկա են այնտեղ, որտեղ ծաղիկներ ու քաղցրավենիք կա, հղում անելով, որ միջոցառմանն աջակցել են նաեւ բնական հյութեր ու ռումինական շոկոլադ արտադրող կազմակերպություններ:

Շոու ծրագրից առաջ հունիսի 8-11-ին տեղի է ունեցել նաեւ սեմինար ֆլորիստիկայի վերաբերյալ: Արայիկ Գալստյանի Միջազգային Հարսանեկան ծրագրի/International Wedding Project կազմակերպիչ ու տնօրեն Իոանա Կադարը/Ioana Cadar նշել է, որ ֆլորիստ մասնակիցների համար կազմակերպվող սեմինարը Ռումինիայում նորարարական բնույթ է կրում, քանի որ այն փոխում է ռումինացի ու եվրոպացի ֆլորիստների մտածողությունն ու մոտեցումը ծաղիկների, բնական նյութերի ու կառուցվածքի, դրանց համակցությունների վերաբերյալ: Սեմինարին մասնակցել են ավելի քան 20 ֆլորիստ Ռումինիայից, Հայաստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Շվեդիայից ու Սերբիայից: Մասնակիցների համար մաստեր կլասով հանդես են եկել Արայիկ Գալստյանը եւ դիզայներ Ռուսլան Վալիեւը:

Scroll Up