«Ինձ թվում է՝ Մասիսը բոլոր հայերին ուժ և հպարտության զգացում է հաղորդում».Վանանդ Խաչիկյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/Արի-տուն-2016.jpg)
Մեկնարկեց «Արի տուն» հայրենաճանաչողական ծրագիրը, որի առաջին փուլի տարբեր երկրներից եկած մասնակիցներից մի քանիսի հետ ունեցած հակիրճ զրույցներից փորձեցի իմանալ նրանց տպավորությունների մասին: Թեև ընդամենը երկու օր է, ինչ սփյուռքահայ պատանիները Հայրենիքում են, սակայն, ի զարմանս ինձ, նրանց ասելիքն ավելին էր իմ ակնկալածից:
Անահիտ Տոնոյան, ՌԴ, Նալչիկ
-Ես ծնվել եմ Հայաստանում. 6 տարի այստեղ եմ ապրել, 8 տարի էլ՝ Նալչիկում: Նալչիկից 7 հոգով ենք եկել մասնակցելու «Արի տուն» ծրագրին, որի մասին տեղեկացել եմ մեր համայնքից: Իմ հայրը Նալչիկի հայկական համայնքի ղեկավարն է: Շատ եմ եղել Հայաստանում, շրջել եմ իմ Հայրենիքի տեսարժան վայրերով, սակայն հիմա տարբեր երկրներից եկած հայորդիների, իմ հասակակաիցների հետ ենք այցելելու պատմամշակութային հուշարձաններ և այլ տեսարժան վայրեր. դա ինձ ուրախացնում է, որովհետև կկարողանանք շփվել, կարծիքներ փոխանակել: Ինձ հետաքրքրում է Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ապրող իմ տարեկիցների մտածելակերպը: Ես շատ եմ կարևորում հայոց լեզվով խոսելը և, փառք Աստծո, Նալչիկից եկած իմ բոլոր ընկերներն էլ խոսում են մայրենիով: Շատ կուզենայի, որ «Արի տուն» ծրագրի շրջանակներում բոլոր նրանք, ովքեր չեն տիրապետում մայրենի լեզվին, գոնե մի քիչ հայերեն խոսել սովորեն: Ես հպարտ եմ,որ հայուհի եմ, որ Հայրենիք ունեմ, որ հայոց լեզվով, ինչպես Բայրոնն է ասել՝ « խոսել են աստվածները»: Շատ կցանկանայի հետագայում բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում և կյանքս շարունակել Հայրենիքում:
Վանանդ Խաչիկյան, ԱՄՆ, Լաս Վեգաս
-Ծնվել եմ Լոս Անջելեսում: Հայաստանում էլի եմ եղել: Ծրագրի մասին իմացա սոցիալական ցանցի միջոցով: Մեր ընտանիքը հայախոս է, ավանդապաշտ ու հայրենասեր: Այստեղ հյուրընկալվել եմ մայրիկիս ազգականների տանը: Ես շատ եմ սիրում Հայաստանը. առաջին անգամ օդանավակայանում, ինքնաթիռի վայրէջքից հետո, երբ ոտք դրեցի Հայրենիքիս հողին, սիրտս թրթռաց, հուզվեցի, իսկ երբ Մասիսին նայեցի, ինձ շատ ուժեղ զգացի: Ինձ թվում է՝ Մասիսը բոլոր հայերին ուժ և հպարտության զգացում է հաղորդում:
Աիդա Թևոսյան, ՌԴ, Մոսկվա
– Ծնվել ու մեծացել եմ Մոսկվայում, բայց Հայաստանը, Երևանն ինև միշտ ձգել են: Շատ վատ եմ զգում, որ հայերեն չգիտեմ, չեմ կարողանում խոսել իմ մայրենի լեզվով, հիմա արդեն սկսել եմ կարդալ սովորել:
Մեր ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել Գրոզնի քաղաքից. ծնողներիս արմատների մի կողմը Ղարաբաղից է. պապիկներիցս մեկը ծնվել է Երևանում, մյուսը՝ Ղարաբաղում: «Արի տուն» ծրագրի մասին լսել էի և երազում էի մասնակցություն ունենալ: Այսօր երազանքս իրականություն է դարձել: Ես անցյալ տարի էլ եմ եղել Հայաստանում, գնացել եմ տեսարժան շատ վայրեր, բայց ամենից շատ ինձ դուր է եկել Էջմիածին քաղաքը , Մայր եկեղեցին. այն շատ շքեղ է ու խորհրդավոր: Գեղեցիկ է Երևանը, սակայն ես կուզենայի , որ հարուստ սփյուռքահայերը շատ ներդրումներ անեն, և Երևանում ավելի շքեղ ու ժամանակակից ոճով շինություններ ու փողոցներ կառուցվեն: Կարծում եմ՝ պետք է շատ գեղեցիկ լինի ոչ միայն քաղաքի կենտրոնը. ծայրամասերն այնքան էլ հրապուրիչ չեն: Երևանի մասին ասված «վարդագույն քաղաք» արտահայտությունը պետք է համապատասխանի իրականությանը. ես ուզում եմ, որ մեր քաղաքը լինի վարդագույն՝ մեր երազների նման: Սա իմ Հայրենիքն է, բոլոր հայերի տունը, և այն պետք է միշտ գեղեցկացնել:
«Հայերն այսօր»
Կարինե Ավագյան