«Կոմիտաս Վարդապետ» փառատոնի մասնակիցների ելույթները Շիրակի մարզում

Հոկտեմբերի 1-ին «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի մասնակիցները ուղևորվեցին Շիրակի մարզ: Առավոտյան մասնակիցները եղան հնագույն միջնադարյան հայկական վանքերից մեկում` Հառիճավանքում` այնտեղ, որտեղ հայ ազգի մեծ երգահան Կոմիտասը ծառայել է և զբաղվել բանահավաքությամբ:

Այնուհետև Գյումրի քաղաքի թիվ 21 «Օյունջյան» դպրոց-վարժարանի դահլիճում իրականացվեց համերգային ծրագիր: Ելույթներով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայի Հայ Առաքելական Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Ադելինա Գրիգորյան), Ռուսաստանի Դաշնությունից «Նորահրաշ» երգեցիկ խումբը և «Օվսաննա» երգչախումբը (գեղ. ղեկավար` Ելենա Բեգլարյան), Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Լևոն Չիդիլյան), Բաթումի Հայ Առաքելական «Սուրբ Փրկիչ» եկեղեցու «Աղբյուր» մանկական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Ռուզաննա Օվանեսյան), Իրանի Թեհրան քաղաքի Արարատ կազմակերպության «Արարատ» երգչախումբը (գեղ. ղեկավար` Արաքս Խաչատրյան), Ճապոնիայից ժամանած կոտոյահար Ասուկա Յոշիզակին և ջութակահար Կարեն Իսրայելյանը, Գերմանիայից` դաշնակահարուհի Սոնա Տալյանը, Լիբանանից` երգիչ Գևորգ Հաճյանը, Արցախից` երգիչ Սար Սարգսյանը` դաշնակահարուհի Էմմա Առաքելյանի նվագակցությամբ:

Համերգից հետո փառատոնի մասնակիցների համար կազմակերպվեց հայկական ավանդական հյուրասիրություն:

Scroll Up