Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ վարդապետական թեզերի պաշտպանություն: Հանձնախումբը` ատենապետությամբ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, քննելով ներկայացված թեզերը, արտոնեց դրանց բանավոր պաշտպանությունը:

Վարդապետական թեզեր էին ներկայացրել Վիրահայոց թեմի Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը («Զաքարյանները և Հայոց Եկեղեցին»), Տ. Նարեկ աբեղա Ավագյանը («Թաղման ծեսը ԺԶ-ԺԸ դարերում՝ ըստ ձեռագիր և տպագիր «Մաշտոցների», և ժողովրդական սովորությունները»), Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Տ. Տիրան աբեղա Պետրոսյանը («Սուրբ Գրիգոր Տաթևացու` յոթ խորհուրդների աստվածաբանությունը») և Արգենտինայի հայոց թեմից` Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանը («Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը և նրա տեղափոխությունները»):

Հավարտ բանավոր պաշտպանության քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց վարդապետական թեզերի բանավոր պաշտպանությանը և արժանի նկատեց հոգեշնորհ հայրերին մասնավոր վարդապետության աստիճանի տվչության: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկացավ Մայր Աթոռի մամլո գրասենյակից:

Scroll Up