Ռումինահայերը ողջունում են Բունդեսթագի պատմական որոշումը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/varuzhan-voskanyan-armenpress.jpg)
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման կապակցությամբ հունիսի 3-ին հայտարարությամբ է հանդես եկել Ռումինիայի Հայոց միությունը` ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանի ղեկավարությամբ: Ըստ «Հայերն այսօրի»՝ հայտարարության մեջ ասվում է.
«Ռումինիայի Հայոց միությունը ողջունում է Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման մասին 2016թ. հունիսի 2-ի Գերմանիայի Բունդեսթագի գրեթե միաձայն որոշումը: Սա միջազգային լայն անդրադարձ ունեցող պատմական քվեարկություն է: Այս քվեարկությունը խորը իմաստ ունի, առավել եւս, որ այս որոշումով Բունդեսթագը ընդունում է այն փաստը, որ Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր պատասխանատվությունն է ունեցել այն իրադարձություններն սկսելու ու իրականացնելու մեջ, որոնք գործնականում հանգեցրել են երեքհազարամյա քաղաքակրթություն ունեցող Անատոլիայի հայերի վերացմանը: Գերմանիայի այս բացառիկ դիրքորոշումը բացահայտ կոչ է Թուրքիային` հրաժարվելու ժխտողական վերաբերմունքից եւ իր հերթին ընդունելու Օսմանյան կայսրության կողմից համակարգված գործողությունների միջոցով իրենց իսկ տարածքում էթնիկ հայ բնակչության ոչնչացումը:
Շարունակելով Հայոց ցեղասպանություն 100-ամյակի հիշատակման առիթով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոահիմ Գաուկի դեռեւս անցյալ տարվա հայտարարությունը` Բունդեսթագի որոշումը միաժամանակ հիշատակի տուրք է գերմանական ժողովրդի այն զավակներին, որոնք եղել են հայ դատի աջակիցները եւ ում պարտական ենք 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին ցնցող վկայությունների համար: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է քարոզիչ Յոհաննես Լեփսիուսին ու զինվորական բժիշկ Արմին Վեգներին:
Ռումինիայի Հայոց միությունը հույս է հայտնում, որ այս քվեարկությունը Ռումինիայի խորհրդարանում նույնպես քննարկումներ առաջ կբերի, ինչին կհաջորդի նմանատիպ մի բանաձեւ: Ռումինիան պետք է հետեւի Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի եւ ԵՄ-ի երկրների մեծամասնությանը` ճանաչելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված վայրագությունները համապատասխանում են Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի սահմանմանը»:
Բանաձեւի ընդունման կապակցությամբ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր, Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Ռումինահայոց միության փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը` նույնպես կոչ անելով Ռումինիայի խորհրդարանին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Ռումինահայերը երախտագիտություն են հայտնում Գերմանիային սկզբունքային որոշման համար:
Բունդեսթագի բանաձեւին լայնորեն արձագանքում են նաեւ ռումինական լրատվամիջոցները, ներկայացնելով բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի ջղաձիգ քայլերը եւ սպառնալիքները: