ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նորընտիր անդամներին

Մայիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության նորընտիր անդամներին՝ վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորությամբ:

 Ողջունելով կուսակցության վարչության նորընտիր ատենապետին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Երկար տարիներ ճանաչում եմ պարոն Նահապետյանին, ով Արգենտինայի հայ համայնքում արել է ամեն ինչ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Ուրախ եմ, որ փոխատենապետ ընտրվեց Լևոն Պլըքյանը՝ Սիրիայից, իսկ վարչության ատենադպիր դարձավ Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը»:

 Նախարարը համոզմունք հայտնեց, որ միավորված ուժերով ՌԱԿ-ը կհզորանա և կվերականգնի նախկին ուժն ու հեղինակությունը:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը կուսակցականների ուշադրությունը հրավիրեց չորս ռազմավարական խնդիրների վրա: Նա նշեց, որ ՌԱԿ-ը ներկայացված լինելով Սփյուռքի գրեթե բոլոր համայնքներում, պետք է անի ամեն հնարավորը Արցախի անկախության ճանաչման համար: «Համոզված եմ, որ համախմբված ուժերով դուք ավելի արդյունավետ պիտի աշխատեք: Մյուս կարևոր առաջնահերթությունը 100 տարի անց Հայոց ցեասպանության ճանաչման գործընթացի շարունակությունն է, որը մենք պարտավոր ենք միացյալ ուժերով հասցնել մեզ համար ցանկալի ավարտին: Բոլորիս գլխավոր խնդիրը պետք է լինի Հայաստանի հզորացումը, որի համար պետք է օգտագործվի նաև Սփյուռքի ներուժը: Եթե Սփյուռքի մեր հայրենակիցները բիզնես ստեղծեն Հայաստանում, ապա և՛ իրենք շահ կստանան, և՛ կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանը, – ընդգծեց նախարարը՝ հավելելով, – անպայման ուշադրության կենտորնում պետք է պահել Սփյուռքի ուծացման խնդիրը: Այդ վտանգին դիմագրավելու միջոցը մեր երեխաներին Մեսրոպյան հայերենը սովորեցնելն է: Մենք ջանք ու եռանդ չպետք է խնայենք՝ ընտանիքներում, կրթական, մշակութային օջախներում հայերենով հաղորդակցվելու համար: Մեր երեխաները պետք է տեսնեն Հայաստանը, ճանաչեն իրենց Հայրենիքը, և միայն այդ դեպքում նրանք իսկապես կկապվեն մայր հողին»:

 Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ատենապետ Սերխիո Նահապետյանը նշեց. «Երախտապարտ ենք Ձեզ մեր պատգամավորական ժողովի բացմանը մասնակցելու և ՀՀ Նախագահի ուղերձը ներկայացնելու համար»:

 Սերխիո Նահապետյանը հավաստիացրեց, որ կուսակցական լինելը ենթադրում է ամենօրյա քրտնաջան աշխատանք: «Տիկի՛ն նախարար, ինչպես նշեցիք, մենք համախմբված աշխատելու կարիք ունենք, պիտի նաև համագործակցենք սփյուռքի այլ կազմակերպությունների հետ՝ համահայկական նշանակության հիմնախնդիրները լուծելու նպատակով», – ասաց նորընտիր ատենապետը:

 Նա նշեց, որ Երիտասարդական ռամկավար ազատական կուսակցության (ԵՌԱԿ) ներկայացուցիչներն այսօր գործում են շատ խանդավառ, ինչը մեծապես ոգևորում է ավանդական հայ կուսակցության տարեց սերնդին:

 «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր, վարչության  նորընտիր ատենադպիր Սևակ Հակոբյանը նշեց, որ թերթը մշտապես անդրադառնում է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությանը, և «Զարթօնք»-ի ընթերցողները տեղյակ են ու  մասնակցում են Սփյուռքի նախարարության ծրագրերին:

 Այնուհետև Երիտասարդական ՌԱԿ ներկայացուցիչ (ԵՌԱԿ) սիրիահայ Ալեքսան Քարադանայանը իր կուսակից 50 հայրենադարձված  ընտանիքների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ անցած չորս տարիների ընթացքում Հայրենիքում հաստատվելու բոլոր հարցերում աջակցելու համար:

 Ներկաները հավաստիացրին, որ ամեն ջանք պիտի ներդնեն՝ տարվա մեջ մեկ անգամ Հայաստանում հավաքվելու, ինչպես նաև Հայրենիքում ներդրումներ կատարելու ուղղությամբ աշխատանքները Սփյուռքում կազմակերպելու ուղղությամբ:

 Հանդիպման ավարտին ներկաները դիտեցին նախարարության ծրագրերի մասին պատմող կարճ տեսաֆիլմ:

4 5

Scroll Up