«Մեծ սիրով եմ կատարում Կոմիտաս».Անի Աղաբեկյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/SAM_31642.jpg)
Ջութակահարուհի Անի Աղաբեկյանը 2004 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան և մեկնել Գերմանիա՝ ուսումը շարունակելու:
Այժմ Անին բնակվում է Գերմանիայում, դասավանդում է, համերգներով հանդես գալիս տարբեր բեմերում:
2011 թվականին ստեղծել է Գերմանահայկական երաժշտական միությունը: Միությունն աջակցում է հայ երաժիշտներին, նպաստում հայ երաժշտության տարածմանը:
«Ամեն տարի Կարցուե քաղաքում կազմակերպում ենք գերմանահայկական համերգաշար: Տարբեր ազգերի հանրահայտ երաժիշտներ կատարում են գերմանական և հայկական երաժշտություն»,-նշում է Անի Աղաբեկյանն ու շարունակում:- Այս տարի մայիսին մեր միությունն առաջին անգամ Երևանում կազմակերպեց ջութակի վարպետության դասեր, որին մասնակցեց 12 ջութակահար՝ Հայաստանից, Արցախից, Կորեայից և Գերմանիայից: Նախագիծը մեծ հաջողություն ունեցավ, և այն շարունակական կլինի:
Նպատակ ունենք նաև տպագրել մի գիրք, որտեղ կներառվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հայերեն և գերմաներեն լեզուներով»:
Այս անգամ Անի Աղաբեկյանը Երևան էր ժամանել՝ մասնակցելու «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնին.
«Ես անչափ հպարտ եմ, որ հրավեր ստացա մասնակցելու փառատոնին: Գերմանիայում միշտ մեծ հպարտությամբ ու սիրով եմ կատարում Կոմիտաս. շատ եմ սիրում հատկապես «Կռունկը»: Եթե Հայաստանի հետ կապված միջոցառում է լինում, անպայման այդ ստեղծագործությունն եմ կատարում:
Գերմանիայում իմ մագիստրոսական աշխատանքը նվիրված է եղել Կոմիտասին: Մեծ խնդիրների առաջ կանգնեցի, որովհետև անդրադարձել էի նաև Ցեղասպանությանը, մեծ վեճեր եղան, բայց ես կարողացա պայքարել ու աշխատանքս ավարտին հասցնել:
Մեծ է Կոմիտասի արժեքը: Նրա հավերժական ներկայությունը, ժառանգությունն ու ստեղծագործությունները մեր ամենամեծ հարստություններից են»:
Լուսինե Աբրահամյան