Չկա մեկ սիրիահայ, որ Լիբանանում լավ ընդունելություն չի գտել. Ժոզեֆ Զուլիկյան

Սիրիական պատերազմի հետևանքով Լիբանանում  շուրջ 12.000-15.000 սիրիահայ է ապաստան գտել:  «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի տեղական մարմնի անդամ Ժոզեֆ Զուլիբյանի խոսքով՝ նրանք բոլորը լավ ընդունելություն են գտել համայնքի և Կառավարության կողմից: «Երեք ավանդական կուսակցությունների միասնական աշխատանքի շնորհիվ՝ նրանք բոլորը անհրաժեշտ օգնություն են ստացել՝ բժշկականից մինչև կրթական»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում նշել է  Ժոզեֆ Զուլիբյանը:

Մեր զրուցակիցը օրեր առաջ մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հանդիպմանը, որտեղ ներկայացվեցին Հիմնադրամի տարածաշրջանային կառույցների կատարած աշխատանքները՝ Արցախին աջակցելու ուղղությամբ: Բացի արգասաբեր դրամահավաքից, որ վերջերս կազմակերպել էր Հայ յեղափոխական դաշնակցությունը, Ժոզեֆ Զուլիբյանը կարևորում է նաև համայնքի կատարած աշխատանքը՝ Արցախի հարցը լիբանանյան լրատվամիջոցներում ճիշտ ներկայացնելու ուղղությամբ:

«Մեր ցանկությունն էր, որ տեղի լրատվամիջոցներն իրենց ինֆորմացիան ստանան անմիջապես առաջին գծից՝ առաջին ձեռքից, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի՝ քրիստոնյա-իսլամ անհարկի շահարկումների առիթ տալով: Եվ ողջունելի է, որ 3 լրագրողներ Լիբանանից այդ օրերին գործուղվեցին Արցախ՝ լրատվություն ապահովելով հենց սահմանից: Ինչպես նաև ներկայացվեց Ղարաբաղյան հակամարտության ամբողջական պատկերը՝ իր պատմական ասպեկտով»,-նշեց Ժոզեֆ Զուլիբյանը:

Scroll Up