Հայոց ցեղասպանությունը վերաբերում է բոլոր ազգերին. «Ով սպանեց հայերին» ֆիլմի եգիպտացի պրոդյուսեր

Հայոց ցեղասպանությունը պատմության կարեւորագույն մասերից է, որը ոչ միայն հայերին է վերաբերում, այլեւ բոլոր ազգերին: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասաց Ցեղասպանության նվիրված «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմի պրոդյուսեր, եգիպտացի Միրիամ Զաքին, որն այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի կողմից մրցանակ ստացավ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունենալու համար:

«Շատ կարեւոր էր արաբ հանդիսատեսին բացատրել, թե ինչ է Հայոց Ցեղասպանությունը: Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր եգիպտոսցիները գիտեն Հայոց ցեղասպանության մասին եւ այսօր այլ բարեկամություն է երկու ազգերի միջեւ»,- ասաց Զաքին:

Եգիպտացի պրոդյուսերը համոզված է, որ Ցեղասպանությունը վերաբերում է բոլոր ազգերին. «Երբ նայում ես 1915թ. խաղացողներին, նրանք այսօր էլ կան՝ 2015թ.-ին, 2016թ.-ին, մենք նրանց դեռ տեսնում ենք, նրանք նույն տերմիններն են օգտագործում, նույն տակտիկան: Ժամանակն է արթնանալու: Կարծում եմ՝ եթե հայերն այսքան երկար տարիներ չլռեին, այլ իրավիճակ կլիներ այսօր»:

Հիշեցնենք, որ «Ով սպանեց հայերին» ֆիլմը Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին արաբերեն փաստագրական ֆիլմն է:

Ֆիլմի պրոդյուսերներն են Մուհամմադ Խանաֆին և Մարիամ Զաքին: Ժապավենում ներկայացված են 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ լուսանկարներ և արխիվային նյութեր: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում: Ֆիլմի պրեմիերան կայանացել է 2015թ. նոյեմբերի 8-ին:

Scroll Up