Այդ Բիբլիական հողը կարևոր նշանակություն ունի աշխարհի խաղաղության համար. տեսանյութ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/argentinaci-lragroghner.jpg)
Արգենտինացի քաղաքական ճանաչված լրագրողներ Պաբլո Սիգիսմոնդին և Մարիանո Սարավիան միանալով «Հայերն այսօրի» նախաձեռնությանը՝ տեսաբացիկի միջոցով շնորհավորում են հայ ժողովրդին Շուշիի հաղթական տոնի առիթով և զորակցություն հայտնում Արցախին:
Պաբլո Սիգիսմոնդի-Շնորհավորում եմ հայ ժողովրդին կարևոր օրվա՝ Շուշիի ազատագրության տոնի առիթով: Այս հաղթանակը վերջապես հաստատեց հայերի երազանքը՝ կորցրած Հայրենիքի մի մասի վերադարձումը: Սակայն այսօր Ադրբեջանը կրկին Թուրքիայի հովանավորությամբ սկսել է ագրեսիվ հարձակումները Արցախի վրա, որն, անշուշտ, դատապարտելի է:
Այսօր և ընդմիշտ պետք է համախմբվենք ՝ ճանաչելու համար Հայ դատը և Արցախի ինքնիշխանությունը: Պետք է ամբողջ աշխարհին իրական պատկերը ցույց տանք, թե Ադրբեջանն ինչ ճնշումների է ենթարկում Արցախի խաղաղ բնակչությանը:
Բոլորը գիտեն, որ այդ Բիբիլիական հողը, որտեղ Արարատ սարն է գտնվում, որքա՜ ն շատ կարևոր նշանակություն ունի աշխարհի խաղաղության համար:
Արգենտինայի Կորդոբա քաղաքից սրտանց ցանկանում եմ, որ արդարություն, խաղաղություն լինի բոլորիդ՝ զինվորների, զինվորների մայրերի, անմեղ փոքրիկների համար, փոքրիկների, որոնք այսօր զոհվում կամ վիրավորվում են պատերազմի պատճառով:
Երբեք չեմ մոռանա մարդկային այն ջերմ ու անկեղծ վերաբերմունքը, որ ստացա Հայաստան և Արցախ 2015 թվականին կատարած այցելությունիցս: Հայաստանում էի գտնվում մասնակցելու Թուրքիայի կողմից իրականացրած 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին:
Խոսքս կուզեմ եզրափակել արգենտինյան ճանաչված ասույթով. «Միշտ նոր հաղթանակով պիտի՛ հաղթենք, քանի որ արդարությունը և ուժը մեզ հետ է և մեր սրտերում »:
Մարիանո Սարավիա-Շնորհավորում եմ հայ ժողովրդին Արցախի ազատագրության օրվա առիթով և ցանկանում շնորհավորանքս հղել հայերենով: Ինչպես միշտ ասում եմ, պատրաստ եմ ցանկացացած հարցով օգտակար լինել հայերին: