ԼՂՀ նախագահը Եռատոնի կապակցությամբ պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների
Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն։
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության եւ խիզախության համար մի խումբ պաշտպանության բանակի զինծառայողների, ազատամարտիկների եւ կամավորների հանձնվել են պետական բարձր պարգեւներ:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Իր ելույթում ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը մասնավորապես ասել է.
«Գերաշնո՛րհ Սրբազան Հայր,
Թանկագի՛ն վետերաններ,
Հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Հարգելի՛ ներկաներ,
Մայիսի 9-ի Եռատոնը մեր ամենաթանկ ու նվիրական տոներից է, որը հաղթանակի, անձնվիրության, միասնականության, խիզախության, մեր պատմության հերոսական էջերը հիշելու և արժևորելու լավագույն խորհրդանիշներից է, ինչն առանձնահատուկ կարևորություն ունի Արցախի և համայն հայության համար, հատկապես` այս օրերին:
Ադրբեջանը, ապրիլի սկզբին լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ, հերթական անգամ փորձեց պատերազմի միջոցով իրականացնել իր ահաբեկչական ու հանցավոր ծրագրերը մեր ժողովրդի և պետության դեմ:
Եվ միայն մեր Պաշտպանության բանակի հզորության և ուժի, մեր զինվորների անօրինակ սխրանքի և անկոտրում ոգու շնորհիվ հնարավոր եղավ արժանի հակահարված տալ սանձարձակ թշնամուն, որը, կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ, պարտադրված եղավ խնդրել հրադադար:
Այսօր մենք բոլորս լի ենք հպարտության զգացումով մեր երիտասարդ սերնդի համար, որը ծնվել ու մեծացել է հայկական երկու հանրապետությունների անկախության տարիներին: Նրանք արժանիորեն շարունակում են իրենց հերոս պապերի ու հայրերի գործը՝ հայրենիքի համար ճակատագրական պահին կանգնելով նրա պաշտպանության դիրքերում:
Հակառակորդի հիմնական հարվածն ընդունել են մեր այն երիտասարդ տղաները, ովքեր կանգնած են եղել առաջնագծում: Նրանց և նրանց օգնության հասած բազմաթիվ ազատամարտիկների և կամավորականների հերոսության ու խիզախության շնորհիվ հակառակորդը հետ շպրտվեց: Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ազնվորեն կատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ:
Ցավոք, այդ օրերին ունեցանք անդառնալի կորուստներ, մարտիրոսվեցին տասնյակ քաջ հայորդիներ: Ունեցանք զոհեր նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Նրանց անմահ անունները միշտ վառ կմնան մեր սրտերում:
Ես կուզենայի մեկ րոպե լռությամբ հարգենք մեր բոլոր նահատակների հիշատակը:
Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց երբեք չենք հանդուրժի մեր պետության անվտանգության դեմ ուղղված որևէ փորձ և արժանի հակահարված կհասցնենք հակառակորդի բոլոր ոտնձգություններին:
Թանկագի՛ն բարեկամներ,
Ապրիլյան պատերազմի օրերին ողջ հայ ժողովուրդը նորից ոտքի ելավ` ցուցաբերելով աննախադեպ միասնականություն, ծանր պահերին համախմբվելու բացառիկ ունակություն, վտանգի մեջ հայտնված հայրենակիցներին ըստ ամենայնի օգնելու և աջակցելու, նրանց կողքին լինելու անգնահատելի պատրաստակամություն: Արցախի շուրջ համախմբվեցին Մայր Հայաստանը և Սփյուռքը: Ողջ ժողովուրդը դարձավ մի բանակ, յուրաքանչյուրն իր պարտքը համարեց օգտակար լինել ընդհանուր գործին:
Այս ճակատագրական օրերին մեզ հետ էին նաև տարբեր երկրների հասարակական, քաղաքական գործիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Մենք բարձր ենք գնահատում նրանց ազնիվ ու անաչառ աշխատանքը:
Հատուկ կուզենայի կանգ առնել այն աշխատանքի վրա, որն այս թեժ օրերին, պահի ողջ լրջության խոր գիտակցումով և բարձր պատասխանատվությամբ իրականացրին մեր պետական կառավարման օղակները: Գործադիր՝ սկսած Նախագահականից, օրենսդիր, ուժային և բոլոր պետական մարմիններն աշխատել են մեծագույն լարվածությամբ և արել են հնարավորը ծագած խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար՝ դրանով իսկ ցույց տալով ճգնաժամային իրավիճակներում աշխատելու պետական ինստիտուտների ունակությունը:
Այսօր մենք ավելի լավ գիտենք, թե ինչ է մեզ հաջողվել և ինչ բացթողումներ են եղել: Անհրաժեշտ է կատարել մեծ աշխատանք բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ: Այստեղ ևս մենք պետք է աշխատենք միասին ու համախմբված, փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
Համոզված եմ, որ այս անգամ ևս մենք պատվով կհաղթահարենք բոլոր դժվարություններն ու փորձությունները` դառնալով ավելի ուժեղ և ամուր: Մենք պաշտպանում ենք մեր հայրենի հողը, մեր տունն ու ընտանիքը: Դա սրբազան պայքար է, որտեղ հաղթանակը այլընտրանք չունի:
Մեր հերոսական ժողովուրդը դա ապացուցեց իր խիզախությամբ ու տոկունությամբ, արժանապատվորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ հանուն ազատ ու անկախ երկրում ապրելու իր իրավունքի:
Հարգելի՛ ներկաներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ նրանց, ովքեր արժանացել են պետական բարձր պարգևների:
Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:
Մաղթում եմ խաղաղություն և մեծագույն հաջողություններ:
Շնորհակալություն»: