Նորա Արմանիի հիմնած միջազգային փառատոնում հայկական ֆիլմերի մասնակցությունը պարտադիր է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/Nora-Armani.jpg)
Եգիպտահայ դերասանուհի Նորա Արմանին, որն այժմ ապրում է Նյու Յորքում, 2013 թվականին հիմնադրել է SR Socially Relevant Film Festival New York միջազգային կինոփառատոնը, որի գեղարվեստական տնօրենն է նաև:
Կինոփառատոնում ընդգրկված ֆիլմերը հասարակական հնչեղություն ունեցող սոցիալական խնդիրներ են արծարծում, որոնք արտացոլում են ռասսայական փոխհարաբերություններն ու խտրականությունը, կանանց դեմ բռնությունները, ոստիկանության դաժանությունները, ներգաղթն ու աքսորը:
«Երեք տարի առաջ Նյու Յորքում ստեղծելով ֆիլմերի միջազգային փառատոն՝ նպատակ ունեի ցուցադրել սոցիալական ուղղվածության, հասարակական հարցեր շոշափող ֆիլմեր: Հոգնեցուցիչ էր արդեն անընդհատ վայրագությունների, խոշտանգումների, արյան տեսարաններով ֆիլմեր տեսնել, որոնք հոգեբանորեն ճնշում են մարդկանց»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Նորա Արմանին և հավելեց, որ փառատոնի առաջին տարում ցուցադրել են 55 ֆիլմ 18 երկրից, երկրորդ տարում՝ 53 ֆիլմ 33 երկրից: Այս տարի 49 ֆիլմ է ներկայացվել՝ 35 երկրից:
Փառատոնի ընթացքում հիմնականում ներկայացվում են կարճամետրաժ, լիամետրաժ , փաստագրական և խաղարկային ֆիլմեր:
Դերասանուհին կարևորում է միջազգային փառատոնում հայկական ֆիլմերի ցուցադրումը, քանի որ Հայաստանն ու հայ ժողովրդին միջազգային հարթակներում աշխարհի մակարդակով ներկայացնելը՝ խիստ նպատակային է: Ֆիլմերն արժանանում են նաև միջազգային հեղինակավոր կինոքննադատների ուշադրությանը:
Այս տարի փառատոնին ութ հայկական ֆիլմ է ընդգրկվել, որոնցից հինգը Հայաստանից է ներկայացվել: Ութ ֆիլմերից երեքը՝ նվիրված են եղել Հայոց ցեղասպանությանը:
Խաղարկային կարճաﬔտրաժ ժանրում հաղթող է ճանաչվել Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմը, իսկ Մարինե և Սոնա Քոչարյանների «Ինչպե՞ս անցնել Ջիլիզից Ջիլիզ» ֆիլմն արժանացել է ժյուրիի մասնավոր գնահատանքին:
Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր են ներկայացրել նաև Ջոն Լուբոքը՝ Անգլիայից, Մոհամադ Հանաֆին՝ Եգիպտոսից և Դեյվիդ Հովանը՝ Կանադայից:
Փառատոնին արաբական աշխարհից առաջին անգամ մասնակցած Մոհամադ Հանաֆիի «Ո՞վ սպանեց հայերին» լիաﬔտրաժ փաստագրական ֆիլմն արժանանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակին:
Հավելենք, որ այս ֆիլմի նկարահանման նպատակով ռեժիսորը կնոջ՝ լրագրող, հաղորդավար Միրիամ Զաքիի և նկարահանող խմբի հետ հատուկ Հայաստան է եկել, նկարահանումներ կատարել Հայաստանի պատմամշակութային վայրերում, իսկ Միրիամ Զաքին հարցազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մի շարք պետական, հասարակական գործիչների, այդ թվում նաև՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
«Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմում ունեցած նշանակալի ավանդի համար Մարիամ Զաքին պարգևատրվել է նաև Նորա Արմանիի հեղինակած Vanya Exerjian ‘Empowering Women and Girls’ Award (Զորացնող կանայք և աղջիկներ) մրցանակով, որի մասին դերասանուհին հետևյալն ասաց. «Բացի այս մրցանակից, ամբողջ փառատոնը հիմնել եմ հորեղբորս և հորեղբորս դստեր՝ Յակոբ Էքսէրճեանի Վանիա Էքսէրճեանի հիշատակը վառ պահելու համար, որոնք Եգիպտոսում 2004 թվականին զոհվեցին ծայրահեղական մի ահաբեկչի կողմից: Հորեղբորս աղջկա անունով սահմանված մրցանակն ամեն տարի հանձնում եմ փառատոնին մասնակից մի կին դերասանի կամ ռեժիսորի, որն իր գործունեությամբ, կատարած աշխատանքներով նպաստել է հասարակության մեջ կանանց դերի հզորացմանը: Տվյալ դեպքում հավանական թեկնածուն ինձ համար հենց Մարիամ Զաքին էր»:
Հաղթող են ճանաչվել նաև Ահﬔտ Աթեֆիի՝ «Նախքան գարունը» եգիպտական խաղարկային լիամետրաժ և Սթավրուլա Թոսքայիի՝ «Ձիթենու տակ» հունական վավերագրական ֆիլմերը:
«Կարծում եմ՝ արվեստը, և հատկապես կինոն, հզոր միջոց է մեր բողոքի, պահանջատիրության ձայնն ի լուր աշխարհի բարձրացնելու և Հայոց դատի արդարացի լուծումը պահանջելու համար»,- եզրափակիչ խոսքում ասաց Նորա Արմանին:
Գևորգ Չիչյան