Ամերիկյան ընկերությունը ներողություն է խնդրել Նյու Յորքի երկնքում «Ցեղասպանության հերքման» համար

Օդային տարածությունում գրառումների տեղադրմամբ զբաղվող ամերիկյան Geico Skytypers ընկերությունը, որն անցած շաբաթ Նյու Յորքի երկինքը «զարդարել» էր Հայոց ցեղասպանությունը հերքող ու Թուրքիային գովաբանող կարգախոսներով, ստիպված է եղել ներողություն խնդրել իր արարքի համար:
Ինչպես գրում է Tert.am-ը՝ հղում կատարելով The Washington Post-ին, ընկերության մասնագետները Նյու Յորքի երկնքում գրել էին «Ցեղասպանության մասին ստի 101-րդ տարին», «Թուրքիա=ճշմարտություն», «Հրաշալի դաշնակից=Թուրքիա», «Լավագույն ընկերներ=Ռուսաստան+Հայաստան» գրությունները, որոնց կից արվել էին թուրքերենով մի քանի հայրենասիրական արտահայտություններ։
Սակայն երբ տվյալ ընկերությունը բազմաթիվ զանգեր է ստացել բարկացած քաղաքացիներից, այն հանդես է եկել իր արարքի համար ներողություն հայցող հայտարարությամբ, որում ասվում է. «Անփությունը ներում չունի` հատկապես, երբ այն վնաս է հասցնում: Սակայն մենք մեղավոր ենք տեղեկացված չլինելու, այլ ոչ թե չար մտադրություններ ունենալու համար»։
«Տվյալ գովազդային ակցիան ամբողջ երկրով մեկ կազմակերպված տեղեկատվական հարձակման մի մասն է, որն իրականացվել է FactCheckArmenia.com կայքի կողմից և որի նպատակը 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի սպանության պատմական փաստի ճիշտ ձևակերպման հերքումն է»,-ասվում է The Washinghton Post-ի անդրադարձում։