Ավտոմեքենաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել պաշտպանության բանակին
Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի, Ադլերի, Խոստայի և Լազարևսկի շրջանների հայ համայնքի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին է նվիրաբերվել «ՈւԱԶ» մակնիշի մարդատար և շտապօգնության 16 ավտոմեքենաներ: Այս մասին հաղորդում է artsakhpress.am-ը:
Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ավտոմեքենաները հանձնել է Սոչիի հայկական համայնքի ներկայացուցիչ Սամվել Զաքարյանը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Սամվել Զաքարյանը նշել է, որ իրենք, Արցախում տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմի մասին տեղեկանալով, չէին կարող անտարբեր լինել իրենց հայրենիքի և հայրենակիցների նկատմամբ: «Շատ արագ որոշեցինք. պետք է որևէ կերպ օգնենք մեր հայրենակիցներին: Հայկական մեր համայնքը շատ ակտիվ մասնակցություն ցուցաբերեց. այս ամենը նախնական մեր նվիրատվությունն է Արցախին: Մենք միշտ լինելու ենք հետևողական: Եկել ենք անձամբ տեսնենք, թե ինչի կարիք կա այստեղ, որպեսզի կարողանանք համապատասխան գործունեություն ցուցաբերենք,-իրենց կատարած աշխատանքի մասին մանրամասնել է Ս. Զաքարյանը և ընդգծել,-հայ համայնքն անհրաժեշտության դեպքում մարդկային ռեսուրսներով էլ է պատրաստ կանգնել Արցախի կողքին»:
«Մենք կոչ ենք ունում մեր հայրենակիցներին ու խնդրում, որ բոլորը հետևեն մեր օրինակին. միասին տեր կանգնենք մեր երկրին ու արդար պահանջին: Սոչիի հայության կողմից մեր խոնարհումը բոլոր այն մայրերին, որոնք զավակներ են կորցրել: Կորստյան այս ցավը բոլորինս է, և մեր սրտերում այն կմնա, որպես չսպիացող վերք: Բայց անենք ամեն ինչ,որ մեր հերոս նահատակների փրկած հայրենիքը մնա անսասան, հզոր ու հաղթանակած»,-հավելել է Ս. Զաքարյանը:
Նվիրատվության կազմակերպիչներին և Սոչիի հայ համայնքին ԼՂՀ կառավարության և Արցախի ողջ ժողովրդի կողմից իր երախտագիտությունն է հայտնել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
«Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ մեր հայրենակիցները, ապրելով արտերկրում, այս օրերին ցուցաբերել են միասնականություն, Արցախին սատարելու պատրաստակամություն: Այս օրերին արտերկրից Արցախին ոչ միայն մեքենաներ են նվիրաբերում, այլև ժողովրդի ու առանձին անհատների կողմից ցուցաբերվում է ֆինանսական օգնություն,-ասել է Ա. Աղաբեկյանը և հավելել,-Սոչիի մեր հայրենակիցների բերած նվիրատվությունը կարևոր դեր են կատարելու մեր բանակի մարտունակության բարձրացման համար»:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին փոխանցվող ֆինանսական միջոցներն ինչ նպատակով են ծախսվելու փոխվարչապետը պատասխանել է, որ այն վերապահված է միայն ԼՂՀ ՊԲ-ին. այնտեղ լավ գիտեն, թե այդ գումարները բանակի որ կարիքների համար պիտի օգտագործվի: