ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան-Տուրկոտին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/1147.jpg)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ Ուեսթբրուքի քաղաքային խորհրդի անդամ, ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան-Տուրկոտին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց վերջինիս նվիրումն՝ ուղղված Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու հայապահպանությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մարդու իրավունքներին և փախստականներին վերաբերող խնդիրներին:
Նախարարը հատկապես արժևորեց Աննա Աստվածատուրյանի ջանքերը, որը քաղաքական և իրավապաշտպան գործունեությամբ մեծապես նպաստել է ԱՄՆ Մեյն նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աննա Աստվածատուրյանը ընդգծեց նման ֆորումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կարևոր հարթակ են:
Կողմերն անդրադարձան նաև վերջին շրջանում ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ քննարկելով համայնքի կողմից իրականացված միջոցառումների արդյունավետության հետ կապված հարցեր: