Սոչիի հայ համայնքի օգնությունը՝ Արցախի գյուղերին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/343.jpg)
«Յուրաքանչյուր հայ պարտավոր է մասնակցություն ունենալ ապիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունների պատճառով դժվարին կացության մեջ հայտնված արցախցիներին և հերոս-զինվորներին օգնելու գործում. դա բոլորիս հոգու պարտքն է: Այդ ուղղությամբ մենք արդեն Սոչիի հայ համայնքին համախմբվածության կոչ ենք հղել »,-«Հայերն այսօրին» թղթակցի հետ զրույցում ասաց Սոչիի ՌՀՄ-ի խորհրդի անդամ Թումաս Վարդանյանը և հավելեց, որ ապրիլի 9-ին Սոչիի հայ գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի հայերի միության Սոչիի տարածաշրջանի արտահերթ նիստը:
Նիստում, արձագանքելով ԼՂՀ կառավարության և ՀՀ սփյուռքի նախարարության Արցախին օժանդակելու կոչին, որոշում է կայացվել Արցախի գյուղերին համայնքի կողմից 15 УАЗ մակնիշի ամենագնաց մեքենաներ նվիրաբերել, որոնց անհրաժեշտությունն առաջնային հարց է գյուղացիների համար: Այդ հարցը քննարկվել է նաև ԼՂՀ կառավարության հետ:
Թումաս Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ Սոչիի Հայ Առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում պարբերաբար համայնքային ներկայացուցիչների հավաք-հանդիպումներ են տեղի ունենում, որի ժամանակ քննարկումներ են ծավալում հետագա աշխատանքները համակարգելու համար:
«Շատ կարևոր է Արցախի բնակիչներին սատար կանգնել, որոնք պատերազմական օրերին ոչ միայն չլքեցին իրենց բնակավայրերն, այլև սեփական օրինակով աշխարհին ցույց տվեցին հայ ժողովրդի միասնականությունը»,-իր խոսքը եզրափակեց Թումաս Վարդանյանը: