Հայաստան տեղափոխված սիրիահայերն իրենց օժանդակությունը կիսեցին Արցախի հետ

Թեկուզ կարիքի մեջ հայտնված` սիրիահայերը չէի՛ն կարող անմասն մնալ:
Հայաստան տեղափոխված սիրիահայ համայնքի զավակները արժանավայել կեցվածք ցուցաբերեցին՝ իրենց հատկացված օժանդակություններից մի մաս ուղարկելով Արցախի շտաբին:
«Կրկնակի հուզմունք ապրեցինք, երբ oժանդակություն ստանալու մոտեցող սիրիահայերը հրաժարվեցին ասելով՝մեր բաժինը Արցախ ուղարկեք»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:
«Մեկնելով քրիստոնեական դաստիարակության` «Այրի կնոջ» առակի օրինակով, կենտրոնի կամավորներով փաթեթավորեցինք 17 արկղ հագուստ, դեղորայք և բժշկական պարագաներ՝ ՀԲԸՄ-ի աջակցությամբ հասցնելու Ղարաբաղ: Հինգ տարի է աղոթում ենք առ Աստված, որպեսզի հրեշությունն ու վայրագությունները վերջ գտնեն, խաղաղություն տիրի ամենուրեք, բայց պատերազմը կրկին եկավ ու հասավ մեր հողերը: Մեզ համար աղոթքն այլևս լուծում չէ»,- իր խոսքը եզրափակեց Լենա Հալաջյանը: