Հատուկ աղոթք Նոր Ջուղայում արցախյան դեպքերի ընթացքում զոհվածների հիշատակին

Ապրիլի 3-ի առավոտյան, Կրկնազատկին, Սպահանի Հայոց թեմի եկեղեցիներում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց: Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում տեղի ունեցող արարողությանը նախագահեց Սպահանի Հայոց թեմի Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբկեն արք. Չարյանը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Նոր Ջուղայի Ազգային առաջնորդարանի հանրային կապի գրասենյակից:

Հընթացս Ս. Պատարագի հավուր պատշաճի քարոզեց առաջնորդ Սրբազան Հայրը: Նա իր խոսքում նշեց, որ տակավին զատկական մթնոլորտի մեջ ենք եւ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Ս. Հարության ներշնչանքով ողողված է մեր առօրյան, նաեւ անդրադարձավ արցախյան դեպքերին եւ խստիվ դատապարտեց նախահարձակ թշնամուն, ով իր անպատասխանատու կեցվածքով տոնական այս օրերին դառնաղի կացության է մատնել մեր հայրենակիցներին:

Գերշ. Սրբազան Հայրն աղոթեց ղարաբաղա-ադրբեջանական ընդհարումների ընթացքում հայրենի հողի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հայ քաջարի զինվորների նաեւ անմեղ ընկած խաղաղ բնակիչների հոգիների խաղաղության համար, նրանց հարազատներին Սուրբ Հոգու մխիթարություն խնդրեց եւ Հայոց բանակին ուժ ու կորով` դիմադրելու չարամետ ոսոխին:

Scroll Up