Զատիկի բոլոր ճաշատեսակները նախապես պատրաստում էինք. սիրիահայեր

Մարտի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ–ի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ տեղի ունեցավ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես–տոնավաճառ:
«Հայերն այսօրի» թղթակցին սիրիահայերը ներկայացրեցին ոչ միայն իրենց պատրաստած իրերը, այլև, հուշերի գիրկն ընկնելով, լուսավոր թախիծով պատմեցին, թե ինչպես էին Հալեպում նշում Սուրբ Հարության տոնը և թե զատկական ինչ ուտեստներ էին պատրաստում տոնական սեղանի համար:
Մարին Շոհմելյանը 2013 թվականին է Սիրիայից եկել Հայաստան: Դեռևս աշխատանք չի գտել այստեղ: Ազատ ժամանակը հենց այնպես չի վատնում. տանը աղջիկների հետ հրուշակեղեն է պատրաստում, որոնք էլ վաճառում է ցուցահանդես-տոնավաճառներին: Նաև մասնավոր պատվերներ է ընդունում:
Ի դեպ, տիկին Մարինն առաջին անգամ է մասնակցում տոնավաճառին: Նկատել է, որ սիրիական ուտելիքները Հայաստանում մարդկանց հավանությանն է արժանանում: Այդ մասին է վկայում նրանց աշխույժ գնումներն ու հետաքրքրաշարժ հարցերը: Մարին Շոհմելյանը ժպիտով է հիշում Հալեպում նշվող Սուրբ Զատիկի մասին, երբ բոլորը տոնական սեղանի շուրջ լավ ժամանակ էին անցկացնում:
Մաիդա Իստամբուլյան–Դեմիրճյանը ապակե սպասքների վրա զարդանախշեր է նկարում՝ գեղեցիկ պատկերներ ստանալով: Այդ հմտությանը տիրապետելու համար հաճախել է ՀՕՄ-ի հայաստանյան մասնաճյուղի Ձեռագործի և ձեռարվեստի հանձնախմբի դասընթացներին:
Կազմակերպվող ցուցահանդես-տոնավաճառներին՝ փորձում է թեմատիկ նշանակության իրեր պատրաստել: Նկատել է, որ մարդիկ հետաքրքրված են այդ ամենով: ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ցուցահանդես-տոնավաճառներին հաճախ է մասնակցում` հույս ունենալով նոր հաճախորդներ ձեռք բերել և ճանաչելի դառնալ:
Սիլվա Մելիքյանը հիշում է, որ Սիրիայում Ավագ շաբաթից սկսում էին բարձր տրամադրությամբ պատրաստվել Սուրբ Հարության տոնին: Զատիկի բոլոր ճաշատեսակները նախապես պատրաստում էին, որպեսզի կարողանային եկեղեցի գնալ և մասնակցել Ավագ շաբաթվա արարողություններին: Պարտադիր պատրաստում էին սպանախով և մածունով մատուցվող հավկիթով, մաղադանոսով և սոխով ուտեստը` էջեն, որը զատկական սեղանի ավանդական ուտելիքներից է համարվում: Նաև բրնձով ապուր էին պատրաստում, որոնց կողքին, անշուշտ, բրնձով փլավ, ներկած հավկիթ և ձուկ էին դնում: Տոնական սեղանի բաղկացուցիչ մասերից էր չամիչով չյորեք կոչվող և արմավով, ընկույզով պատրաստվող մյուս թխվածքները: Իսկ Զատիկի օրը բարեկամներով իրար տուն էին շրջում և շնորհավորում Տիրոջ հրաշափառ Հարության առիթով:
Տիկին Սիլվան քացրավենիքի և սիրիական այլ թխվածքների տաղավարով առաջին անգամ է մասնակցում ցուցահանդեսին, տպավորությունները լավ է: Նա նույնպես տնային պայմաններում է պատրաստում և մասնավոր պատվերներ ընդունում:
Արաքսի և Արփինե Քեշիշյանները քույրեր են:Նրանք ցուցահանդեսին ներկայացել էին մանրումեծ ձեռագործ աշխատանքներով և ուտեստներով, որոնց պահանջարկը կարծես թե շատ է: Չեն դժգոհում՝մտածելով, որ ժամանակի ընթացքում հաջողություն կունենան, կարևորը համբերությամբ զինվելն է: Քույրերը տեղեկացրեցին, որ հայաստանցի կանայք մեծ հետաքրքրությամբ հարցուփորձ են անում ուտեստներից, պատրաստման ձևը և բաղադրատոմսերը հարցնում, իսկ իրենք սիրահոժար բոլորին ներկայացնում են սիրիական խոհանոցի գաղտնիքները:
Հիմնականում Զատիկի ուտելիքներ են ներկայացրել ցուցահանդեսին, որն էլ մարդկանց մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել: Գալով Հայաստան՝ չեն խախտել հալեպյան ավանդույթը. ոչ միայն Սուրբ Զատիկին, այլև մյուս տոներին, ավանդական ուտեստներ են պատրաստում և հետևում իրենց մոտ ընդունված սովորույթներին:
Հռիփսիմե Գոլիքսայանը վստահեցնում է, որ սիրիահայերը գործունյա, բազմատաղանդ մարդիկ են և միշտ ձգտում են տարբեր ոլորտներում հմտություններ ձեռք բերել: Նա տնային պայմաններում փայտե տարբեր իրեր է պատրաստում, որոնք մարդկանց աչքին նորություն են թվում, նաև մասնավոր պատվերներ է ընդունում:
Տիկին Հռիփսիմեն կարծում է, որ իրենց հաջողության գրավականը այն է, որ այս ցուցահանդեսներին նոր հաճախորդներ են ձեռք բերում, որից էլ բխում է աշխատանքի արդյունավետությունը: Ճիշտ է` առաջին անգամ է մասնակցում ցուցահանդեսին, մարդիկ փոքր-ինչ անտարբեր են անցնում իր տաղավարի կողքով, բայց չի ընկրկում` հավատալով, որ ամեն ինչ լավ կլինի:
Հակոբ Մահսերեջյանը պատմեց, որ Հալեպում տոն օրերին միշտ տարբեր զարդարանքներ, համապատասխան իրեր էին պատրաստում, որպեսզի տանը տոնական մթնոլորտը թևածեր: Հատկապես ընդունված էր պատրաստել զատկական ծառը: Հայաստանում նույնպես փորձում են շարունակել այդ սովորույթը:
Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու նպատակով զատկական բազմապիսի պարագաներ է պատրաստել, սակայն նկատել է, որ մարդկանց մոտ նման ապրանքների գնումն այդքան էլ ընդունված չէ:
Սարգիս Ղոլողսայանը Սիրիայում ավտոմեքենաների վերանորոգմամբ է զբաղվել: Երկրորդ անգամ է մասնակցում այս նախաձեռնությանը, և գոհ է արդյունքներից: Ասում է, որ նման հավաքներն իրենց ապրանքը լայն զանգվածներին ներկայացնելու լավագույն միջոցներից է. ամեն անգամ մասնակցելուց հետո հաճախորդների թվի զգալի աճ է նկատում:
Սարգիսը օծանելիք է վաճառում, որը հենց ինքն է պատրաստում: Օծանելիքի հումքը ժամանակին Սիրիայից է բերել և վստահեցնում է, որ որակյալ ապրանք է առաջարկում սպառողին: Սարգիս Ղոլողսայանի խոսքերով՝ մարդիկ Հայաստանում օծանելիքի ընտրության հարցում նրբաճաշակ և բծախնդիր են, իսկ ինքը փորձում է նրանց ճիշտ խորհուրդ տալ` առաջարկելով շուկայում հայտնված նոր բույրերը:
Պատրաստեց Գևորգ Չիչյանը