ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը սփյուռքի որոշ համայնքներում մարտի 21-ին նշվող մայրերի տոնի առիթով

Սիրելի´ մայրեր

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրերի տոնի առթիվ:

Պատահական չէ, որ Մայրերի տոնը զուգակցվում է գարնան առաջին (գիշերահավասարի) օրվա հետ՝ խորհդանշելով կյանք պարգևելու ձեր ամենակարևոր առաքելության մասին: Այս տոնը ևս մեկ առիթ է ընձեռում գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ և արժևորելու ձեր բացառիկ դերը Հայրենիքում և Սփյուռքում։ Հազարամյակների մեր պատմության բոլոր բախտորոշ պահերին հայ կինը առանձնացել է իր անմնացորդ նվիրումով հայրենիքին և ընտանիքին:

Արդարև Սիրիայում մեկ դարից ավելի հայ մայրերի առանձնակի նվիրումի արդյունքում է, որ պահպանվել է մեր ժողովրդի  ազգային նկարագիրը և հայ մանուկը հավատարիմ  է մնացել իր ինքնությանը։ Այսօր էլ պատերազմի ծանր պայմաններում դուք հերոսանում եք մնալով այդ դժոխային վիճակում և պահպանելով ձեր օջախն ու տունը։

 Դուք ավանդական հայկական ընտանիքի կայունության անսասան հենասյունն ու մեր ժողովրդի հարատևության երաշխավորն եք:

Դուք անձնվիրության փառապանծ օրինակ եք դարձել և ծայրաստիճան լարված իրադարձությունների ընթացքում, ահաբեկչությունների թոհուբոհում կարողացաք ամուր պահել հայ ընտանիքը, հայեցի կրթել և դաստիարակել հայ երեխաներին:

Մաղթում եմ ձեզ անսահման սեր ու խաղաղություն և ցանկանում, որ լինեք գարնան պես միշտ լուսափայլ, կենարար և երջանիկ:

Եղե´ք սիրված և միշտ ժպտացեք: 

Հարգանքով՝

Հրանուշ Հակոբյան

Scroll Up