Իրկուտսկի հայկական համայնքի հաղթանակը

ՌԴ Իրկուտսկ քաղաքի քաղաքապետարանում տեղի ունեցած «Իրկուտսկի լավագույն ազգային-մշակութային կենտրոն-2015» ամենամյա մրցույթի հաղթող է ճանաչվել Իրկուտսկի հայ համայնքը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Իրկուտսկի հայկական մշակութային կենտրոնի նախագահ Սամվել Ոսկանյանը:

«Անկեղծ ասած՝ հաղթանակը սպասելի էր, քանի որ 2015 թվականի ընթացքում համայնքը բուռն գործունեություն է ծավալել, բարեգործական տարբեր միջոցառումների  մասնակցել: Բարձր մակարդակով ենք կազմակերպել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ցեղասպանության անմեղ նահատակներին նվիրված հուշակոթող ենք բացել: Փաստորեն, մեր կատարած աշխատանքերը չվրիպեցին  Իրկուտսկի պետական կառույցների ուշադրությունից»,-ասաց պարոն Ոսկանյանը:

Մրցույթի արդյունքներն ամփոփել է 11 հոգուց բաղկացած ժյուրին, որի կազմում ընդգրկված են եղել պատգամավորներ և պետական այլ պաշտոնյաններ:

Իբրև խրախուսական մրցանակ՝ համայնքը դրամական պարգև և պատվոգիր է ստացել: Ամբողջ գումարը ծախսվել է երեխաների համար Ամանորյա միջոցառում կազմակերպելու և նվերներ գնելու  համար:

Կարևորելով նման նախաձեռնությունների իրականացումը՝ Սամվել Ոսկանյանը ընդգծեց.«Գտնվելով օտար հողի վրա՝ ոգևորվում և ուժ ենք ստանում, որ Իրկուտսկի քաղաքային իշխանությունները գնահատում են հայ ժողովրդին՝ արժանացնելով ջերմ վերաբերմունքի: Սակայն հավելեմ, որ այդ ամենին հասել ենք մեր համախմբվածության և աշխատասիրության շնորհիվ»:

Խոսելով համայնքի մասին՝ Սամվել Ոսկանյանն ասաց, որ կենսունակ համայնք է: Համայնքային կյանքում կարևոր նշանակություն ունի Հայկական մշակութային միությունը: Գործում է նաև Կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում է հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն և այլ առարկաներ:

Հայ երեխաները հայկական մշակույթին հաղորդակից դառնալու համար հնարավորություն ունեն հաճախելու «Ուրարտու» պարախումբ, որի գեղարվեստական ղեկավարը Գայանե Բրսոյանն է:

Երկար տարիների պատմություն ունի նաև Մարտին Ղազարյանի հիմնած «Հիանալի յոթնյակ» դուդուկահարների խումբը:

Խոսելով համայնքի հաջողությունների մասին՝ Սամվել Ոսկանյանը նաև նշեց, որ համայնքի ֆուտբոլի և ՈւՀԱ-ի թիմերը հաղթող են ճանաչվել համապատասխան մրցաշարերում:

Զրույցի վերջում համայնքի ղեկավարը հավելեց, որ համայնքում աշխուժություն է առաջացրել նաև 2014 թվականից  Իրկուտսկի  թիվ 32 դպրոցին կից գործող  Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի դպրոցը, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն ու Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը: Դպրոց են հաճախում շուրջ 60 շախմատասերներ, ոչ միայն հայեր, այլև ռուսներ, ուզբեկներ, տաջիկներ:

Գևորգ Չիչյան

411 2298

Scroll Up