«Սիրիահայերի ինտեգրման հարցում պետությունը Սփյուռքի աջակցության կարիքն ունի». Հրանուշ Հակոբյան

Սիրիայի հակամարտության հետևանքով ընդհանուր թվով շուրջ 20 հազար սիրիահայ է Հայաստան մուտք գործել, իսկ նրանցից 16 հազարն արդեն հիմնավորվել են այստեղ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի դիտարկմամբ՝ պետությունը ջանքեր է գործադրում այդ անձանց հիմնախնդիրների լուծման ու ինտեգրման ուղղությամբ, սակայն երկու կարևորագույն՝ բնակարանային հարցն ու աշխատանքով ապահովման հիմնախնդիրը Հայաստանն ի վիճակի չէ միայնակ լուծել, և դրա համար անհրաժեշտ է նաև սփյուռքի տեղական և համահայկական կառույցների աջակցությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Հրանուշ Հակոբյանը խոսել է փետրվարի 24-ին Երևանում անցկացվող «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ» խորագրով աշխատաժողովի ընթացքում, որը նվիրված է Սիրիայի հակամարտության հետևանքով տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց ինտեգրման դյուրացման խնդիրներին:

Սփյուռքի նախարարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ The Economist պարբերականի հրապարակած տվյալներով՝ Սիրիայից ընդունած փախստականների թվով Հայաստանը երրորդն է Գերմանիայից ու Շվեդիայից հետո: Սակայն, եթե Գերմանիայում 1000 քաղաքացու հաշվով կա 4-5 փախստական, ապա Հայաստանում այդ ցուցանիշը 6-7 հոգի է: Նախարարն ընդգծեց, որ սիրիացի փախստականների աջակցության համար Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից հատկացված 5-ական միլիարդ դոլար օգնությունից Հայաստանին որևէ բաժին չի հասել: Մեր երկրին այդ հարցում օգնում է միայն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր սուղ միջոցներից, ինչպես նաև Քուվեյթը, Ավստրիան և Ռուսաստանը, որոնք նույնպես մարդասիրական օգնություն են ցուցաբերել սիրիահայերին:

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ կառավարության դիրքորոշմամբ՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերը չեն կարող կոչվել փախստականներ, թեև նրանք փաստացի փախստական են: Պետությունը պարտավոր է նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրել հնարավոր բոլոր միջոցներով և այդ ուղղությամբ զգալի քայլեր է կատարել: Պետբյուջեից գումար է հատկացվում թե Սիրիայում, թե Հայաստանում բնակվող սիրիահայերի կարիքների համար: Բացի այդ, ընդունվել են օրենսդրական ակտեր, որոնք նպաստում են սիրիահայերին աջակցության տրամադրման համակարգված կազմակերպմանը:

Ստեղծվել է սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական մարմին, որն իր ամենամսյա նիստերում դիտարկում է առկա խնդիրները և լուծումներ առաջարկում: «Մեր հայրենակիցների մեծ մասը կրթության, մշակույթի, սպասարկման ոլորտներում գտել է իր տեղը, իր հետ բերել նաև նոր աշխատանքային մշակույթ: Գործատուները հաճախ են ընդգծում սիրիահայերի աշխատանքային բարձր կարգապահությունը և համեստ վարվելակերպը»,- ասաց նախարարը: Անդրադառնալով սիրիահայերի ինտեգրման դժվարություններին՝ սփյուռքի նախարարն առանձնացրեց դրանց նպաստող մի շարք հանգամանքներ:

Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ Սիրիայում հակամարտության առաջին մեկ-երկու տարում Հայաստան եկած սիրիահայերի զգալի մասը չէր պատկերացնում, որ այստեղ երկար կմնա, և ձգձգվող պատերազմը հոգեբանական բարդություններ է առաջացնում: Այժմ էլ, այստեղ հաստատվածների մեծ մասի ընտանիքները կիսված են. հարազատների մի մասը դեռ մնում է Սիրիայում: Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, «շարունակվող պատերազմի հետևանքով Հայաստանում ապրող սիրիահայերը ևս գրեթե ամեն օր ունեցվածք են կորցնում. Սիրիայում վնասվում ու ավերվում են նրանց տները, գործատեղերը»: Շարունակ կրկնվող հոգեբանական նման հարվածները նույնպես ինտեգրումը բարդացնող գործոններ են:

Նախարարը որպես ինտեգրումը դժվարացնող գործոն նշեց նաև Հայաստանի ու Սիրիայի օրենքների միջև եղած տարբերությունը՝ հավելելով, որ այդ խնդիրը լուծելու նպատակով հրատարակվել և սիրիահայերի շրջանում տարածվել է Հայաստանի հարկային, մաքսային համակարգի առանձնահատկությունների վերաբերյալ գրականություն: Հրանուշ Հակոբյանը նշեց նաև, որ թեև Հայաստանից սիրիահայերի մի մասը տեղափոխվում է երրորդ երկրներ՝ հիմնականում Շվեդիա ու այլ եվրոպական երկրներ, նաև Կանադա, սակայն հակառակ գործընթացը ևս կա:

Շատերը մեկնելով այլ երկրներ՝ ունենում են լեզվական, ֆինանսական խնդիրներ, նույնիսկ չեն հարմարվում տեղի բնակլիմայական պայմաններին, ինչպես Կանադա մեկնած սիրիահայերի դեպքում է, բացի այդ, միշտ չէ, որ սոցիալական ապահովության երաշխիքներ են ստանում: Այդ պատճառով, ըստ նախարարի, կան արդեն հետ՝ դեպի Հայաստան վերադարձողներ:

Scroll Up