«Հայերեն խոսող փոքրիկները հզոր ապագայի երաշխավորներն են»

Փետրվարի 21-ին Մոսկվայի «Հայորդյաց տանն» անցկացվեց երեք միջոցառում՝ նվիրված Մայրենիի միջազգային օրվան։ Երանուհի Ղազարյանի դասղեկական 2Դ դասարանում անցկացվեց բաց դաս։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:

«Պարտադիր է նշել, որ սա ցուցադրական դաս չէ, մեր բոլոր դասերն անցնում են նմանօրինակ ձևաչափով և ինտերակտիվությամբ»,- դիմելով ներկա ուսուցիչներին՝ ասաց Երանուհի Ղազարյանը։

Սաները, ովքեր դեռ մեկուկես տարի առաջ հայերեն մեկ բառ անգամ չգիտեին, դասի ընթացքում ներկայացան ուսումնառության ընթացքում կուտակած իրենց գիտելիքներով։ Նրանք կազմեցին բարդ բառեր, ռուսերենից հայերեն թարգմանեցին անծանոթ նախադասություններ, հայերենով հարցեր ուղղեցին ներկա ուսուցիչներին, ապա վերաշարադրմամբ տեղում ներկայացրին հայտնի հեքիաթները։

Ներկաներն ուշադրությամբ և հիացմունքով հետևեցին Երանուհի Ղազարյանի՝ դասի մատուցման մեթոդին և լսեցին սաների պատասխանները։ Դասի ավարտին «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը և տնօրեն Հմայակ Գևորգյանն իրենց գոհունակությունը հայտնեցին սաներին և ուսուցչուհուն՝ հայերենի հանդեպ ունեցած ակնածանքի և սիրո համար։

Մայրենիի միջազգային օրը, որն ավանդույթի համաձայն «Հայորդյաց տանը» նշվում է Մայրենիի միամսյակի շրջանակներում, հայոց լեզվի ուսուցչուհի Արմինե Մարտիրոսյանը ներկայացավ «Հայագիտության օտարազգի երախտավորները» թեմայով դասախոսությամբ։ Ներկաները ծանոթացան օտարազգի հայերենագետներին և հայերենի ծագման ու նշանակության մասին նրանց թեզերին։

Իսկ քանի որ հայերենի հանդեպ սերն ու նվիրումը պետք է սերմանել դեռ մանկուց, Ալվինա Հովհաննիսյանի ղեկավարած նախապատրաստական դասարանի սաները ներկայացան հայոց լեզվին նվիրված բանաստեղծություններով՝ միաժամանակ անդրադառնալով հայոց գրերի ազգապահպան նշանակությանը։ «Հայերեն են գալու դարերդ» խորագրով միջոցառմանն իր անկրկնելի կատարումներով հանդիսատեսին հիացրեց կրթօջախի՝ Լենա Բեգլարյանի ղեկավարած փոքրիկների «Շողեր» երգչախումբը։ Միջոցառումն ավարտվեց Համո Սահյանի «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծության հիման վրա Լենա Բեգլարյանի կողմից գրված համանուն երգով, որի ավարտին փոքրիկները պաստառներով և վստահ տոնով հավաստիացրեցին, որ «հայերեն են գալու դարերը»։

Տեր Առաքել Ամիրյանը ներկաներին փոխանցեց թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությունը՝ միաժամանակ նշելով, որ հայերեն խոսող փոքրիկները հզոր ապագայի երաշխավորներն են և նրանց հայերենով մենք վերադարձնում ենք Մաշտոցին, Սահակ Պարթևին, Խորենացուն ունեցած մեր պարտքը։

2 3 4 6 7 8

Scroll Up