Փախուստի մեջ սիրիահայերը դեռեւս զգում են Ցեղասպանության հետքերը

«Հայերն այսօրը» որոշ կրճատումներով ներկայացնում է աշխարհահռչակ բրիտանական The Daily Mail պարբերականի անդրադարձը Լիբանանում հաստատված փախստական սիրիահայերի մասին:

Հազարավոր սիրիահայ փախստականների համար այսօրվա իրենց կոտորածն ու վտարումը նման են դեռեւս մեկ դար առաջ իրենց նախնիների ապրած Ցեղասպանությանը:  Չնայած նրանց համայնքը Հալեպի շատ այլ համայնքներից միակը չէ, որ հայտնվել է արյունալի հակամարտության կենտրոնում, այնուամենայնիվ՝ սիրիահայերը ասում են, որ իրենց ճակատագիրը հատկապես ցավոտ է, քանի որ նրանք դեռեւս զգում են Հայոց ցեղասպանության վերքերը:

Մեգգի Մելքոնյանը չի զսպում արցունքները, երբ նկարագրում է, թե ինչպես էին 2 տարի առաջ փախչում Լիբանան իրենց տնից, որը գտնվում էր Հալեպի Սուլմանիեհ թաղամասում: «Ճիշտ այնպես, ինչպես մեր նախնիներն են ստիպված եղել հեռանալ առանց որեւէ բանի, նույն կերպ մենք ենք այսօր ստիպված լքել մեր տները,- ասում է նա ու ձայնը դողացնելով՝ շարունակում,- Մենք ապրում ենք երկրորդ Ցեղասպանություն, մեր ունեցվածքը դարձյալ ոչնչացված ու բռնագրավված է, մեր տները՝ քանդված, մեր ժողովուրդը դարձյալ կոտորվում է»:

Մելքոնյանը հիմա անվտանգ պայմաններում է, ապրում է հայկական թաղամասում իր դստեր, փեսայի եւ թոռների հետ: Բայց նրա ամուսինը մնում է Հալեպում, շատ հայերի նման չի ցանկանում թողնել ամենը հետեւում, ինչպես ստիպված էին թողնել 1915-ին:

Այսօր էլ Լիբանանի շենքերից շատերի պատերին կարելի է հանդիպել Անկարային հղված գրառումներ՝Թուրքիան է մեղավոր Հայոց ցեղասպանության համար:

Ցեղասպանության 100-րդ տարելիցը բոլորած՝ հայկական թաղամասերում շատ կան նաև պաստառներ «Հիշում ենք և պահանջում» գրությամբ, որը նախևառաջ կոչ է Թուրքիային՝ զանգվածային ջարդերը Ցեղասպանություն որակելու:

Սիրիահայ փախստականների համար սա կարծես մեկդարյա ցավի վերապրում լինի: Նրանք զուգահեռներ են անցկացնում իրենց նախնիների ճակատագրի հետ, երբ վերհիշում են Քեսաբի դեպքերն ու հայկական եկեղեցու քանդումը Դեր Զորում, որ պահպանում էր 1915 թավականին զոհվածների մասունքները:

«Ես զգում եմ, որ մենք ականատեսն ենք պատմության կրկնությանը: Մենք սպառել ենք մեր ուժերը: Այսքան տարիների ընթացքում մենք չենք հանգստացել»,- ասում է 30-ամյա Մարալ Գիլոյանը:

Գիլոյանը երկու անգամ է հայտվել փախստականի կարգավիճակում: Նրա ընտանիքը թողել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը 2005-ին՝ փրկվելով բռնությունից: Նրանք բնակություն հաստատեցին Հալեպում, որտեղ Գիլոյանը ամուսնացել մի սիրիահայ տղամարդու հետ և ունեցել 3 երեխա, բայց անցած տարի դարձյալ բռնեցին փախուստի ուղին, երբ նրա ամուսինը վիրավորվեց ականանետային կրակից:

 «Ես ուզում եմ ապրել խաղաղ, բայց ինչքան հիշում եմ, պատերազմ է»,- ասում է նա:

Ալեքսան Քեոշկերյանը, որ անդամ է Լիբանանի Հնչակյան կուսակցության, ցավով նշում է, որ ոչ միայն հայերը, այլ բոլոր սիրիացիներն են տառապում: «Հազարավոր մարդիկ են սպանվել հակամարտության արդյունքում, բնակչության գրեթե կեսը տարհանվել է, ավելի քան 1 միլիոն փախստականներ հաստատվել են Լիբանանում: Բայց սիրիահայերի համար սա երկրորդ արտագաղթն է, սա երկակի վերք է»,- ասում է նա:

Նրա ընտանիքի անդամները Հալեպից եկածների շարքում են: Նախնիները 1915-ին Կիկիկիայից բռնի տարհանվածներն էին, ովքեր հետագայում հաստատվեցին Լիբանանում: Բայց 1975-1990-ականների քացաքացիական պատերազմի ժամանակ նրանք պատսպարվել են Հալեպում, բայց ստիպված էին վերադառնալ Լիբանան, երբ սիրիական կոնֆլիկտը սկսվեց:

«Մեր բախտակիցներից շատերը զգում են, որ իրենք ապրում են անվերջանալի միգրացիայի մեջ»,- ասում է նա:

«Ոչ նույն մասշտաբով, բայց անկարելի է չզգալ, որ ամեն ինչ կրկնվում է: Մեր մեջ ամրապնդվել է այն միտքը, որ միշտ պիտի պատրաստ լինենք փախուստի»,- ասում է Քրիստինե Սարգսյանը:

Պատրաստեց՝ Ամալյա Կարապետյանը

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

article-doc-1u9ge-6Xx8xiNJkHSK2-862_634x422 article-doc-1u9ge-6Xx96310G-HSK1-216_634x433

Scroll Up