«Եթե Հայաստանում ինձ հաջողվի աշխատանք գտնել, ապա անպայման կհայրենադարձվեմ». արգենտինահայ պարուհի

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը արգենտինաբնակ, Կորդոբայի «Արարատ» հայկական պարախմբի պարուհի Մարիանա-Մելինե Մասմանյանն է:

Մելինեն սովորում է Արգենտինայի մշակույթի համալսարանի Թատրոնի բաժնում: Հայաստանում է «Դեպի Հայք» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող ծրագրի շրջանակներում: Հայրենիքի կանչով է եկել Հայաստան, եկել է՝ ուսումնասիրելու ազգային պարերը, ծանոթանալու հայ օջախի բարքերին:

Հուսանք՝ այս ճամփորդությունը կօգնի Մելինեին ամուր թելերով կապվել հայրենիքին ու, ինչու չէ, նաև ընդմիշտ հաստատվել Հայաստանում:

Մելինե՛,  առաջին անգա՞մ ես Հայաստանում:

-Առաջին անգամ Հայաստան եմ այցելել 2011 թվականին՝ ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի ծրագրերից մեկի շրջանակում:

Հայաստանում Կորդոբայի հայ երիտասարդների հետ երկու անմոռանալի շաբաթ եմ անցկացրել. տարբեր վայրեր ենք այցելել, հայկական ուտելիքներ համտեսել:

Բայց հիմա այնպիսի զգացողությունն ունեմ, կարծես առաջին անգամ եմ Հայաստանում: Երբ իմացա, որ նորից հայրենիք գալու հնարավորություն ունեմ, տարբեր զգացողություններ ունեցա: Մտածում էի` արդյոք կկարողանա՞մ միայնակ չորս ամիս Հայաստանում ապրել: Բայց միևնույն ժամանակ ուրախությունս անչափ էր, քանի որ Հայրենիքն էր կանչում: Հայաստան գալն իմ մանկության ամենամեծ երազանքն է եղել: Այն ամենը, ինչ տեսել եմ հեռուստատեսությամբ կամ լսել մարդկանցից, հիմա իրական եմ զգում՝ սեփական մաշկիս վրա: Ինձ անչափ տպավորել է հայաստանյան խստաշունչ ձմեռը. նման ցուրտ եղանակ երբեք ոչ մի տեղ չեմ տեսել:

Հիմա արդեն մոտիկից եմ շփվում մարդկանց հետ, նոր ընկերներ ձեռք  բերում, որոնք կարծում եմ՝ ամբողջ կյանքում կուղեկցեն ինձ: Զգում եմ, որ մեր ընկերությունն անկեղծ է` հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության վրա: Դեռ անցած ճամփորդությունից էի ընկերներ գտել, որոնց հետ կապը պահում եմ առ այսօր: Կարճ ասած՝ զգացողությունների, զգացմունքների հորդում էր՝ ուժեղ և ուրախ:

Այս երկարատև ճամփորդությանս շնորհիվ Հայրենիքս այնպիսին տեսա, ինչպիսին պատկերացնում էի. ամեն բան ինձ հոգեհարազատ է այստեղ:

Կենտրոնացել եմ հայերեն սովորելու ուղղությամբ, որպեսզի անկաշկանդ հաղորդակցվեմ մարդկանց հետ: Պետք է խոստովանեմ, որ Մայրենիին չտիրապետելով՝ հեռու եմ ինձ զգում հայ ժողովրդից: Եվ այդ բացը այժմ հայկական մշակույթի, հատկապես՝ պարի միջոցով եմ լրացնում:

-Մելինե՛, հե՞շտ ստացվեց մարդկանց հետ շփման եզրեր գտնել:

– Մարդիկ զարմանում են, որ Հայաստանից հեռու ապրելով՝ շարունակում ենք կապը պահպանել Հայրենիքի հետ և հայկական մշակույթին հավատարիմ մնալ: Հիացած եմ նրանց հյուրընկալությամբ, սրտաբացությամբ և միմյանց օգտակար լինելու պատրաստակամությամբ: Միայն Հայաստանում եմ տեսել, որ մեկ բարևից հետո քեզ իրենց տուն կանչեն և հյուրասիրեն: Քեզ հետ ծանոթանալով՝ մտերմանում են և հարազատի պես ընդունում:

Շնորհակալ եմ հայրենակիցներիցս՝ ինձ ընդունելու և այդքան ջերմ վերաբերվելու համար: Նրանց պահվածքից հասկանում եմ, որ ոչ միայն օտար չեմ, այլև նրանցից մեկն եմ: Սակայն բոլորի մտահոգությունը մեկն է` ինչու հայերեն չեմ խոսում: Այդ ժամանակ բացատրում եմ Սփյուռքում հայ մնալու դժվարությունների, օտար միջավայրին կուլ գնալու վտանգների և Սփյուռքում հանդիպող այլ խոչընդոտների մասին: Այդ ամենին տեղեկանալուց  հետո փոխում են իրենց կարծիքը և փոխընբռնումով մոտենում:

-Քեզ հյուրընկալող ընտանիքի մասին ի՞նչ կարող ես պատմել:

-Մեր հանդիպման առաջին իսկ օրից մտերմացա հյուրընկալ ընտանիքի հետ: Միմիայն լավ վերաբերմունքի եմ արժանանում նրանց կողմից: Մեկ հարկի տակ ապրում ենք փոխադարձ հարգանքի և սիրո հողի վրա: Ինձ համար հայկական ուտեստներ են պատրաստում, սովորեցնում մեր բարքերը, ավանդույթներն ու սովորույթները, որոնք շատ հետաքրքրությամբ լսում եմ և կիրառում:

2

-Հայաստանն ամբողջությամբ հասցրե՞լ ես բացահայտել:

-Հայաստան կատարած առաջին այցելության ընթացքում շատ վայրերում եմ եղել: Միայն Արցախը չհասցրեցի տեսնել: Արցախ աշխարհ այցելելը հոգուս պարտքն եմ համարում, որն անպայման իրագործելու եմ:

Ես պաշտում եմ հայ ժողովրդին. այդքան արհավիրքներ, դժվարություններ տեսած ազգը կրկին կարողացել է ուժ գտնել իր մեջ և ոտքի կանգնել: Դա միայն մեծ գնահատանքի է արժանի: Ուրախանում եմ, որ Հայաստանը տարեց-տարի ծաղկում է և իր վաղվա օրը կերտում:

– Հայկական պարը վաղու՞ց է գերել  քեզ:

-Հայկական պարերով սկսել եմ հետաքրքրվել դեռ մանկուց: Նաև արգենտինական պարեր եմ պարել: 2008 թվականից հաճախում  եմ ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի «Արարատ» հայկական պարախումբ, որի գեղարվեստական ղեկավարը Էլիզաբեթ Գեոզուկարայանն էր: Իսկ այժմ պարախմբի ղեկավարը Վերոնիկա Կարադախյանն է: Նա, լինելով փորձառու մասնագետ, օգնեց և ուժ տվեց, որ սովորեմ  հայկական պարերը:

Անչափ շնորհակալ եմ նաև երաժիշտ Գագիկ Գասպարյանին՝ սփյուռքահայ երիտասարդներիս առջև Հայաստանի դռները բացելու համար: Գագիկը մեզ հնարավորություն է տալիս մոտիկից ծանոթանալու հայ արվեստագետներին և ավելի կապվել հայկական մշակույթին: Չեմ կարող չնշել Հայաստանի պարի պետական անսամբլի նախկին պարող, այժմ արգենտինաբնակ Րաֆֆի Գրիգորյանին, ում մոտ նույնպես հայկական անզուգական պարերը սովորելուն հմտացա: Նաև պարախումբ եմ բացել, որտեղ  Կորդոբայի հայ փոքրիկներին հայկական պարեր եմ սովորեցնում:

Հայաստանում հայկական պարերի վերապատրաստման դասընթացների եմ հաճախում «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանի մոտ: Նա հիանալի անձնավորություն է և ջանքուեռանդ չի խնայում ինձ հայկակական պարերը սովորեցնելու ուղղությամբ:Նրա կողմից ջերմ վերաբերմունքի եմ արժանանում, իսկ դասընթացները շատ ուրախ են անցնում:Շնորհակալ եմ նաև«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին և Անդրանիկ Բաղդասարյանին, որոնց մոտ նույնպես ազգային պարերի դասընթացների եմ գնացել:

67

-Մելինե՛,  երբևէ մտածե՞լ ես  հայրենադարձության մասին:

-Ինձ հաճախ էին հարցնում՝ կցանկանաս ապրել Հայաստանում: Կես կատակ, կես լուրջ պատասխանում էի, որ եթե խստաշունչ ձմեռ լինի, ապա անհնարին կլինի նման որոշում կայացնելը: Իսկ հիմա վստահորեն կարող եմ ասել, որ կապրեմ Հայաստանում. շատ կապվեցի Հայրենիքիս և մարդկանց: Եթե Հայաստանում հաջողվի իմ մասնագիտությամբ աշխատանք գտնել, ապա անպայման կհայրենադարձվեմ:

Հարցազրույցը՝Գևորգ Չիչյանի

Իսպաներենից-հայերեն թարգմանությունը՝ Գագիկ Գասպարյանի

Հ.Գ.«Հայերն այսօրի» փոքրիկ անակնկալը Մելինեին: Կարծում ենք` նրան անչափ կհետաքրքրի, թե ինչ կարծիք ունի իր մասին «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը.

– Դեռ ամիսներ առաջ արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը զանգահարեց ինձ և ասաց, որ Կորդոբայից մի հայ աղջիկ է գալու Հայաստան, որը ցանկանում է հայկական պարի վերապատրաստման դասընթացների հաճախել: Նաև հավելեց, որ աղջկա մոտ ազգային ոգին շատ վառ է արտահայտված:

Պայմանավորվեցինք 2016 թվականի հունվարից սկսել պարի դասընթացները: Քանի որ չգիտեի նրա մասնագիտական կարողությունների մասին, փորձեցի մեր պարապմունքները համալսարանում անցկացնել, որպեսզի նա հեռակա ուսուցում ստացող ուսանողների հետ հաճախի դասընթացներին:

Նրա ներքին պայծառությունը, հայկական պարերը սովորելու անսահման ցանկությունը պարզապես հիացրեց ինձ: Էլ չեմ խոսում հայրենասիրության մասին. ապրում և շնչում է Հայաստանով, հայ մարդկանցով, ամբողջությամբ հայկականությամբ է լցված:

Ինչպես հայ պարարվեստի երախտավորներից պարուսույց-բալետմայստեր Վահրամ Արիստակեսյանն էր ասում` հայկական պարի ոգեղեն ուժը միայն շարժումների մեջ չէ, այլ նաև` զգացողության: Մելինեն հենց այդ ներքին զգացողությունն ունի:

Նա միանգամից յուրացնում է բոլոր առաջադրանքները, որովհետև անսահման սիրում է իր Հայրենիքը և մշակույթը:  Նկատում եմ, որ պարային շարժումների ողջ համակարգը նրան այդքան էլ ծանոթ չէ, բայց իսկույն կարողանում է ըմբռնել այդ ամենը: Տեսնելով, որ արդեն դժվարությունների առջև չի կանգնում, սկսեցի դասընթացներին կանչել արդեն բոլոր խմբերի հետ: Հետո Մելինեն ցանկություն հայտնեց «Բերդ» պարային անսամբլի փորձերին էլ հաճախել, և ես հաճույքով համաձայնեցի:

 Նրա աչքերից ուրախություն է հորդում. փորձերի ընթացքում ուրախությունից և ոգևորությունից անընդհատ հուզվում է: Տեսնելով նրա ապրումները՝ հասկանում ես, որ հայ մարդը վերադարձել է իր ակունքներին, օտարության մեջ ապրելով` կորցրած տարիներն է գտել:

Հայկական պարը մարդկանց օգնում է վերագտնել իրենց ինքնության բանալին: Մելինե Մասմանյանն ասածիս վառ ապացույցն է:

Հիմնականում անգլերեն ենք խոսում միմյանց հետ, բայց նա հայերեն սովորելու մեծ ցանկություն ունի. մեզանից հայերեն բառեր կամ արտահայտություններ լսելով՝անմիջապես ոգևորված կրկնում է, որ հիշողության մեջ պահպանվի: Սակայն հավելեմ, որ մեր հաղորդակցման ամենակարևոր միջոցը՝ պարի լեզուն է:

Երբեք չենք խոսել այն մասին, թե կցանկանա մնալ Հայստանում, թե` ոչ: Բայց նրա աչքերում ինչ-որ բան նկատում եմ: Կարծում եմ՝ նրա շրջապատում այնպիսի համակրելի հայ տղաներ կան, որոնք էլ կոգևորեն Մելինեին Հայաստան վերադառնալ:

1

Scroll Up