Մահվան մահճում աղոթում էր հայերեն. միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի մասին նոր ֆիլմը համացանցում է

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված «Աննա Հեդվիգ Բյուլ» կամ «Վերջին աղոթքը» փաստավավերագրական ֆիլմը համացանցում է: Կինոնկարը պատրաստել են «Sharm Pictures»-ը և «Yan Team Production»-ը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պատվերով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Sharm Pictures»-ից, ֆիլմը պատմում է էստոնացի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի մասին, ով 1909 թվականին առաջին անգամ ոտք դրեց Արևմտյան Հայաստան, Մարաշ, Կիլիկիա և այդ ժամանակվանից դարձավ  հայերի մեծ բարեկամը` հետագայում իր կյանքը նվիրելով Եղեռնից փրկված հայ որբերին և այրիներին: Նա իր գործունեությունը շարունակեց նաև Սիրիայում, Հալեպում` զբաղվելով տարագիր հայերի կենսական կարևորության հարցերով, դարձավ հազարավոր որբերի Մայրը, իսկ այրիների համար եղավ քույր:

26 րոպե տևողությամբ ֆիլմը հիմնված է իրական փաստերի, Բյուլի և նրան հասցեագրված որբերի նամակների վրա: Ֆիլմում տեղ են գտել նաև 1909-ից  մինչև 1980 ական թվականներին հայերի ճակատագրին վերաբերող   պատմական ակնարկներ: Ներկայացվում է նաև Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը, ինչպես նաև Հալեպում հայերի կյանքը` 1915 թվականից հետո:

Կյանքի վերջին տարիները Բյուլ Մայրիկն անցկացրել է գերմանական ծերանոցներից մեկում։  90-անց զառամյալ կինը՝ մահվան մահճում պառկած, մոռացել էր այն 6 լեզուները, որոնց նա ազատորեն տիրապետում էր և աղոթում էր հայերեն։

«Իմ սիրտը հայկական է», -այսպես է ասել Բյուլ Մայրիկը: Եվ այդ սիրտը միշտ նրանց հետ էր, ում ջերմացրել էր, փրկել:  Հայերի մեկ սերունդ չէ, որ փայփայում է նրա մասին հիշողությունները:

Սցենարի հեղինակը Սոնա Ալեքսանյանն է, ռեժիսորը Վահե  Յանը: Օպերատորը`  Ռոբերտ Խարազյանը, իսկ պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը:

Scroll Up