Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում.լուսանկարներ

Հունվարի 6-ին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Մայր Աթոռի Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո հայրապետական շքեղազարդ թափորը Վեհարանից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար:

Այդ ընթացքում հայրապետական ամպհովանին կրում էին Հայ Եկեղեցու բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը և «Կոնվերս բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Նորին Սրբությանն արարողության ժամանակ, որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ համայն հայությանը` ամենքին փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» բարի ավետիսը:

Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց նաև Ջրօրհնեքի արարողությունը` ի հիշատակ Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի Մկրտության:

Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը (ԼՂՀ ՊԲ): Ս. Պատարագից հետո Մայր Տաճարի խաչը Հայրենիքի սահմանների օրհնության համար տարվելու է տարբեր զորամասեր:

Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ և ՀՀ Կառավարության անդամներ, պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:

Ս. Պատարագից հետո «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը տեղի ունեցավ ընդունելություն, որտեղ Նորին Սրբության կողմից վերստին ավետվեց Տիրոջ Ս. Ծննդյան հրեշտակաբարբառ լուրը։

Surb Cnund-1 Surb Cnund-2 Surb Cnund-3Surb Cnund-4

Scroll Up