Շառլ Ազնավուրն այսօր տոնում է ծննդյան 91­-րդ տարեդարձը

Նա իր ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել, սակայն երբեք չի վհատվել: Փակվող դռների ու դժվարությունների մասին ավելի ուշ հենց ինքն է խոստովանում՝ նշելով. «Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին` երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ»:

Բայց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը դեռ այն ժամանակ գիտեր, որ իրեն բախտ է վիճակվել փոխելու աշխարհը: «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»,­ Ազնավուրի մասին մի առիթով ասել է Շառլ դը Գոլը:

Ֆրանսիացի մեծագույն գործչի խոսքերը մարգարեական էին: «Խռպոտ ձայնով հայն» իսկապես կարողացավ հաղթահարել խոչընդոտները և նվաճել մարդկանց սրտերը: 1959 ­ին Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում տեղի ունեցած նրա ելույթը ծնկի բերեց աշխարհին: Լեգենդար երգիչը մայիսի 22­ին տոնում է ծննդյան 91­րդ տարեդարձը, սակայն մնում հավերժ երիտասարդ: Նա առույգ է, ակտիվ, լի կյանքով: Ինչպես ֆրանսիական մամուլն է կես կատակ, կես լուրջ ասում՝ «Ազնավուրը թոշակի գնալու մտադրություն չունի»:

Ազնավուրի համար յուրաքանչյուր տարին լի է համերգներով, շրջագայություններով, անվերջ ծափահարություններով ու ծաղիկներով: 2015-­ն էլ բացառություն չէ. լեգենդը տարեսկզբից ակտիվ գործունեություն է ծավալում, բայց իր զբաղված գրաֆիկում մշտապես ժամանակ է գտնում հայրենքի համար: Ծանր պահերին էլ նա միշտ Հայաստանի կողքին է: Ասվածի վառ ապացույցն այն է, որ 1988­-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ: Այս խորհրդանշական տարին Ազնավուրը ևս հայրենիքի կողքին էր. նա եկավ Հայաստան ապրիլի 24­ին՝ ցեղասպանության 100­րդ տարելիցին հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Ազնավուր ֆենոմենը շատերին է զարմացնում ու հիացնում: Այսօրվա սերնդի շատ ներկայացուցիչներ էլ սիրահարված են նրանով, նրա վարպետությամբ և վարակիչ էներգիայով: Նա շարունակում է պայթեցնել տարբեր երկրների համերգասրահները և հավաքել միլիոնավոր մարդկանց: Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ է վաճառվել: Սակայն Ազնավուրին այս ցուցանիշը չի բավարարում: 91-­ամյա լեգենդը, ծննդյան օրվա նախօրյակին, նոր ձայնասկավառակ է թողարկել. մայիսի 4-­ին ամբողջ աշխարհը ողողվեց ազնավուրյան հիշողություններով և սկսեց ունկնդրել «Encores» ձայնասկավառակը:

Ու չնայած այս գլխապտույտ հաջողություններին ու հաղթանակներին Ազնավուրը մնում է չափազանց համեստ, ավելին՝ ճանապարհ է հարթում երիտասարդ տաղանդների համար, աջակցում նրանց: Շարունակում է զբաղվել դիվանագիտական գործունեությամբ՝ ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի:

Դիպուկ են Վիլիամ Սարոյանի խոսքերը. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու­հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»։

Ռոզա Գրիգորյան

«Արմենպրես»

Scroll Up