Վիրահայոց թեմի ամանորյա նվերները` Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի դպրոցականներին

Դեկտեմբերի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության հետ, ամանորյա նվերներ տրամադրեց ՀՀ Տավուշի մարզի առաջնորդարանին՝ սահմանամերձ բնակավայրերի դպրոցականներին բաժանելու համար:

Խաղաղությունն ամենամեծ բարեմաղթանքն է համայն մարդկության և հատկապես սահմանամերձ շրջանների բնակչության համար: Թբիլիսահայությունը զորակցություն է հայտնում տարածաշրջանի բոլոր մանուկներին և այս փոքրիկ նվերներով լրացնում նրանց ամանորյա տոնական տրամադրությունը:

Վիրահայությունը լիահույս է, որ խաղաղությունը կհաստատվի Հայոց սահմաններում և որ մայր հայրենիքի սահմաններից դուրս խաղաղության պահպանությունը անդորր ու հանգիստ կապահովի նաև Վրաստանում ապրող հայության համար:

Այս նվիրական առիթով Թբիլիսիի հայոց եկեղեցիներում հոգևոր դասը աղոթք է բարձրացնում խաղաղության համար, հայցում, որ սահմանի վրա կանգնած զինվորները առողջ և անփորձանք վերադառնան իրենց ծնողներին ու իրենց ընտանիքներին, իսկ մանուկները վայելեն մանկական երջանկությունը և ուրախությունը:

Scroll Up