Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական համագումարը պետությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական համագումարը (HDK) դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ թուրքական պետությանը ուղերձ է հղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ժողովուրդների դեմոկրատական համագումարը Թուրքիայում գործող մի շարք ձախ քաղաքական շարժումների, կազմակերպությունների և կուսակցությունների միավորում է: Ստեղծվել է 2011 թ.: 2012 թ. ԺԴՀ-ի կողմից ստեղծվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP)՝ որպես դրա քաղաքական թև:
Ուղերձում, որը ստորագրել են HDK-ի խոսնակներ Սեբահաթ Թունջելն ու Էրթուղրուլ Քյուքչուն, պետությանը կոչ է արվում առերեսվել սեփական պատմությանն ու ներողություն խնդրել իրականացրած ցեղասպանությունների համար:
«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին հայերի և ասորիների ցեղասպանությունը, որն իրականացվեց Օսմանյան կայսրության այդ ժամանակվա ղեկավարության՝ «Իթթիահաթ վե թերաքիի» («Միություն և առաջադիմություն») կարգադրությամբ, օսմանյան հայերի էթնիկ և կրոնական ինքնությունները վերացնելուն ուղղված ծրագրավորված և համակարգված համամարդկային հանցագործություն էր»,- նշվում է HDK հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ներկայացված է, թե ինչպես 1915 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլի հայ մտավորականության ձերբակալությամբ մեկնարկած ցեղասպանական գործողության ընթացքում հայ ժողովուրդը, որն այդ տարածքների հնագույն բնակիչներից է, պոկվեց սեփական հայրենիքից: «Հետագայում Ցեղասպանությունն իթթիհաթականներին ներվեց հայերի «կապիտալի թուրքացման» և «թուրքական տարրը գերիշխող դարձնելու» հիմնավորումներով: 100 տարի անց էլ Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտումը»,- ասվում է ուղերձում:
Հեղինակները փաստել են, որ ցեղասպանությունները 20-րդ դարից հետո էլ կրկնվեցին: Արդեն մեր օրերում ականատեսն ենք լինում, թե ինչպես է «Իսլամական պետություն» խմբավորումը փորձում ոչնչացնել եզդիներին, սակայն թե′ ՄԱԿ-ը, թե′ Թուրքիան անտարբեր են եզդիների հետ տեղի ունեցող դեպքերի հանդեպ:
«Ժողովուրդների դեմոկրատական համագումարը խոնարհվում է ցեղասպանությունների հետևանքով բոլոր զոհվածների հիշատակի առաջ և հիշեցնում, որ Թուրքիան մեկն է այն պետություններից, որ ստորագրել է Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային համաձայնագրի տակ:
Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել հայերի ու ասորիների ցեղասպանությունների ժխտումը, ներողություն խնդրել այն համամարդկային հանցանքների համար, որ իրականացրել է օսմանյան պետության ժողովուրդների դեմ, որի քաղաքական ժառանգն էլ հենց ինքն է` ժամանակակից Թուրքիան:
Ցեղասպանությունների կանխարգելումը հավաքական պատասխանատվություն է: Ոգեկոչելով ցեղասպանության զոհերի հիշատակը՝ մենք կբարձրացնենք նրանց, անտարբեր չենք լինի այն զուլումի նկատմամբ, որը տեղի է ունեցել, և ցույց կտանք, որ նրանց երբեք չենք մոռանա: Իրականությանն առերեսվելն ու ներում հայցելն այն ճանապարհն է, որով Թուրքիան կկարողանա խաղաղության և հավասարության մեջ ապրել աշխարհի և մեր ժողովուրդների հետ»,- ասվում է ուղերձում:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2015 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունել է նոր բանաձև, որը դեկտեմբերի 9-ը հռչակում է «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Բանաձևը, որն առաջ էր քաշել Հայաստանը, ընդունվել է կոնսենսուսով. դրա օգտին է քվեարկել 80 պետություն:
Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպություններին և կառույցներին նշել Ցեղասպանության հանցագործության զոհերի միջևազգային օրը` բարձրացնելով տեղեկացվածությունը Ցեղասպանության մասին կոնվեցիայի վերաբերյալ:
Պաշտպանության համար պատասխանատվության (R2P) համաշխարհային կենտրոնը բանաձևի ընդունման համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտել Հայաստանի Հանրապետությանը բանաձևի ընդունման նպատակով ներդրած ջանքերի համար: