ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Բաթումիում մշակութային կենտրոն է բացվել (տեսանյութ)

Դեկտեմբերի 5-ին Բաթումիում պաշտոնապես բացվել է Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնը:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ կենտրոնի շենքը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության, հատկապես ՀՀ սփյուռքի նախարարության նյութական աջակցությամբ: Վերանորոգման աշխատանքները կատարվել են Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ, ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի միջոցներով:
Մշակութային կենտրոնի բացմանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ջինիշյան հիմնադրամի տնօրեն Արմեն Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, Բաթումիի համայնքային գործիչներ, մտավորականներ, հայ հասարակայնության ներկայացուցիչներ:
Բացման հանդիսավոր արարողություն ժամանակ ցուցադրվել է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական տեսաուղերձը՝ ուղղված աջարահայ համայնքին:
«Պատմական հրաշալի օր է այսօր: Ուրախ եմ, որ այս կենտրոնը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Սփյուռքի նախարարության, կրում է մեծն Ալեքսանդր Մանթաշյանի անունը, մի մարդու ով դարձել է հայ-վրացական բարեկամության հիանալի կամուրջ: Այս հասարակությունում Մանթաշյանն իր հետքը թողել է իր բարեգործությամբ, իր շռայլ մարդկային կերպարով և իր մեծ հայ լինելու էությամբ: Կարծում եմ՝ այս կենտրոնը պիտի դառնա ՀՀ սփյուռքի նախարարության լավագույն բարեկամներից՝ մասնակցելով մեր բոլոր ծրագրերին ու նախաձեռնություններին»,- ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեսաուղերձում, որը «Հայերն այսօրը» ներկայացնում է ստորև::