Նիդերլանդներում սկսել է գործել նոր՝ «Կիլիկիա» մշակութային միությունը

Դեկտեմբերի 6-ին Նիդերլանդների Պուրմերենդ քաղաքում սկիզբ դրվեց նորաբաց հայկական «Կիլիկիա» մշակութային կենտրոնի գործունեությանը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է «Նիդերլանդական օրագիրը»:

Մեկնարկին ներկա էին Նիդերլանդների տարբեր վայրերից եկած հայ  համայնքի  150-ից ավելի  ներկայացուցիչներ, որոնց թվում Մաաստրիխտի  Սուրբ Կարապետ եկեղեցու ատենապետ Պրն․Լեւոն Սարգիսը, Դորդրեխտի ծխական խորհրդի ատենապետ պրն․ Հակոբ Փանոսյանը և այլք:

Օրակարգը սկսվեց ՀՀ Ազգային օրհներգով, որից հետո բացման խոսքով ելույթ ունեցավ «Կիլիկիա» մշակութային միության հիմնադիր, ատենապետ դոկտոր Զարեհ Հովհաննեսյանը, ով խոսեց կենտրոնի ապագա անելիքների մասին: Բանախոսի բնորոշմամբ’ Կիլիկիայի հիմնական նպատակը, հայության ջանքերը ի մի բերելն է, միմյանց հետ կապերի ու շփումների  ամրապնդումը։  Յուրաքանչյուր հայ պետք է իրեն լիարժեք կարողանա դրսևորել  կազմակերպության  ներսում, հանդես  բերի իր հնարավորություններն ու կարողությունները  մշակութային, կրթական ու այլևայլ տարբեր ձեռնարկներում։

Կիլիկիայի ձեռնադրումն ամփոփելու է հայկական ավանդական ծեսերն ու տոնակատարությունները՝  պահպանելով և հավատարիմ մնալով  հայ քրիստոնեական ինքնությանը, միաժամանակ փորձելով աջակից ու ներգրավված լինել տեղի հասարակական, քաղաքական կյանքին, դառնալ Նիդերլանդների լիարժեք քաղաքացիները:

«Կիլիկիա»-ի մեկնարկը տրված է. Նիդերլանդներում սկիզբ դրվեց ևս մեկ հայ կառույցի, որը որդեգրել է հայապահպանության նվիրական խնդիրները:

Բացման արարողության մշակութային բաժնում գեղեցիկ ելույթներ ունեցան դաշնակահար Մեղրիկ Կարապետյանը, ասմունքողներ Հովսեփ եւ Շաղիկ Ասատուրյանները, Սեւակ Հովհաննեսյանը (դաշնամուր) եւ այլք։

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց ճաշկերույթը: Ուրախ սեղանի շուրջ  ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ, շփվել իրենց տպավորություններով, ապագայի համար կազմել տպավորիչ ծրագրեր:

«Կիլիկիա» հայ մշակութային կենտրոնն ունի  նույնանուն կայք, որտեղ զետեղված են անհրաժեշտ տեղեկություններ: Ցանկացողները կարող են կապ հաստատել այցելելով  http://www.kilikia.nl/ կայքը:

1 2 3 4

Scroll Up