Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քվեարկությունն ավարտվեց
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/yntrutyunner-600x371.jpg)
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քվեարկությունն ավարտվել է: Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը փակվել են: Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 5 հազար 333 մարդ, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թվի 39.17 տոկոսը: Ժամը 21:00-ին Կենտրական ընտրական հանձնաժողովը կհրապարակի վերջնական տվյալներ հանրաքվեին մասնակցած քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ առաջին տվյալները ԿԸՀն կհրապարակի ժամը 00:00ին: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 550 հազար 323: Այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեի մասնակիցների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված անձինք 16 հազար 856-ն են, Հայաստանում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածները` 270-ը, քվեարկության օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի քվեարկողների ցուցակից հանված և հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածները` 140, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածները` 1.542:
ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն իրականացնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում առկա է 265 անձի անուն: Ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն կազմակերպչական միջոցառումներն այդ ոլորտում շարունակական են: Մասնավորապես, անձնագրային ծառայությունները քաղաքացիներին սպասարկելու են նաև դեկտեմբերի 6-ին՝ ժամը 8-ից մինչև քվեարկության ավարտը: Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ: