Ուզբեկստանի հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահը պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով
Դեռևս օգոստոս ամսին Ուզբեկստանի նախագահ Ի.Ա.Կարիմովի հրամանագրով Ուզբեկստանի հայկական ազգային մշակութային կենտրոնի (ՈՒՀԱՄԿ) նախագահ Մարտին Սեթյանը պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության «Դուստլիկ» շքանշանով։ Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը:
Այս պարգևը կարևորվում է նաև նրանով, որ Մարտին Սեթյանն առաջին հայն է, ով 1994 թվականից մինչև օրս, այսինքն՝ շքանշանի սահմանումից սկսած, արժանացել է Ուզբեկստանի պետական այս բարձրագույն պարգևին։
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Տաշքենդում կայացել է պարգևի հանձման արարողությունը։
Շնորհավորում ենք մեր հայրենակցին և հույս հայտնում, որ նա նույն ոգևորությամբ ու նվիրումով կշարունակի իր հայապահպան գործունեությունը՝ ի նպաստ Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման, ազգային, մշակութային և հոգևոր զարկերակի զորացման: