Տեղի կունենա «Օրհանի ժառանգությունը» վեպի շնորհանդեսը

Նոյեմբերի 27-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա ամերիկահայ գրող Ալին Օհանեսյանի «Օրհանի ժառանգությունը» վեպի շնորհանդեսը: Գրադարանի ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ՝ վեպը հայ ընթերցողին է ներկայացվում Հայէկոնոմբանկի հովանավորությամբ և աջակցությամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, գրում է armeniangenocide100.org-ը: 

 

Հայոց ցեղասպանության մասին Ալին Օհաննեսյանի «Օրհանի ժառանգությունը» (Orhan’s Inheritance) վեպը Amazon առցանց խանութում ճանաչվել է ապրիլ ամսվա լավագույն գիրք: «Օրհանի ժառանգությունը» գրավաճառների անկախ ընկերակցության կողմից ևս լավագույնն է ճանաչվել:

Օհաննեսյանի աշխատությանն անդրադարձել են միջազգային մամուլը` New York Times Book Review-ն, Elle-ը, Entertainment Weekly-ն, National Public Radio-ն:  

 

Օհանեսյանը Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է: Նա այս վեպը գրել է 6 տարում. այցելել է Արևմտյան Հայաստանում գտնվող Սեբաստիա քաղաք, որտեղ տեղի են ունենում գրքում նկարագրված իրադարձությունները:

«Օրհանի ժառանգությունը» մի ընտանիքի տարբեր սերունդներին հետապնդող մութ անցյալի, աննկարագրելի սարսափների, կրքոտ սիրո ու բազմաթիվ զրկանքներից հետո վերապրելու մասին է:

 

Վեպի սյուժեի համաձայն, գլխավոր հերոս Օրհան Թուրքօղլուն պապի մահանալուց հետո վերադառնում է Սեբաստիայի շրջանի Քարոդ գյուղ՝ մասնակցելու նրա հուղարկավորությանը, և պարզում, որ իր պապը ընտանեկան տունը թողել էր բոլորովին անծանոթ Սեդա Մելքոնյանին, որն ապրում է Լոս Անջելեսի ծերանոցում: Աանարդարությունը շտկելու մտադրությամբ՝ Օրհանը մեկնում է Լոս Անջելես: Այնտեղ նա ոչ միայն բացահայտում է Սեդայի թաքցրած պատմությունը, այլև պարզում, որ Սեդայի անցյալն այժմ սպառնում է քանդել իր ներկան: Եթե Սեդայի պատմությունը բացահայտվեր, այն ընդմիշտ կփոխեր Օրհանի՝ ինքն իր, իր ընտանիքի և իր երկրի հանդեպ վերաբերմունքը:

Scroll Up