«Արվեստագետը պետք է նյութական, կենցաղային խնդիրներ չունենա, որ կարողանա լիարժեք նվիրվել իր գործին». Ռաֆայել Մեգալ (Մելիքյան)
Բոլոր ժամանակներում հայ ժողովուրդը պակաս չի ունեցել հանճարների, տաղանդների ու բազմաքանակ շնորհալիների: Ի վերուստ տրված Աստվածային այդ պարգևը կրողների շարքերում քիչ չեն երիտասարդները, որոնցից մեկի՝ ՀՀ վաստակավոր նկարիչ, գեղանկարիչ Ռաֆայել Մեգալի (Մելիքյանի) հետ էլ առիթ ունեցա զրուցելու օրերս:
Աշնանային գունագեղ տերևեներով ողողված բակից էլ ինձ համար սկսվեց գեղանկարչական աշխատանքների յուրօրինակ ցուցահանդեսը, իսկ շեմից ներս, հիրավի, ցուցահանդես էր նկարչի արվեստանոցում.գույների, զգացողությունների մի ինքնատիպ աշխարհ, ուր մարդն ու բնությունն այնքա՜ն ներդաշնակ են, այնքա՜ն համահունչ Արարչագործ կատարելությանը: Տակավին երիտասարդ նկարիչն անցել է այդ ճանապարհով և ձգտել մնալ այնտեղ, ուր ներդաշնակության թագավորությունն է: Ձգտում՝ մարդուն և բնությունը մերձեցնելու, ձգտում՝ սովորելու բնությունից, կենդանական աշխարհում մարդկային էությանը հար և նման՝ տիրելու, սիրելու, բազմանալու,կենսաբանորեն վերարտադրվելու շարունակական ընթացք՝ մինչև աշխարհի վախճանը. ահա՛ Ռաֆայելի ներկապնակի և մտքի վրձնահարվածների կիզակետը: Այդ մասին մեր հարցազրույցի ընթացքում, իհարկե, ավելի լավ ներկայացրեց գեղանկարիչը:
– Ռաֆայե՛լ, սկսենք ազգանունից:
– Ձեզ էլ, ինչպես բոլորին, անսովոր թվաց Մեգալ ազգանունը (այդպես եմ ստորագրում նկարներիս տակ), որն իր երկար նախապատմությունն ու բացատրությունն ունի. Մեգալը շատ հիշվող է, ավելի լսելի ու դիպուկ: Իմ նկարները հիմնականում դրսում են ցուցադրվում, որտեղ Մելիքյան ազգանունը դժվարանում են արտասանել, կոտրատում են: Ես իմ ազգանվան տերն եմ, պահպանում եմ հայկական յան-ը՝ Մելիքյան: Թեև ես Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի եմ, սակայն ապրում եմ Հայաստանում, իմ տունը, իմ արվեստանոցը, իմ ընտանիքը, երեխաներս այստեղ են: Ես սիրում եմ իմ երկիրը:
– Գիտեմ, որ ավարտել եք Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի բաժինը, սակայն միայն ակադեմիական կրթությունը չէր կարող տալ այսպիսի արդյունք. ընտանիքում եղե՞լ են նկարիչներ, քանդակագործներ:
– Յուրաքանչյուրին տրված շնորհն ի վերուստ է, այո՛, հենց այնպես կամ սոսկ բարձրագույն կրթություն ստանալու պարտադրանքով, որոշմամբ արվեստագետ չեն դառնում: Ես ծնվել եմ արվեստասեր ընտանիքում. թեև ծնողներս, պապերս նկարիչներ չեն եղել, սակայն սիրել ու հարգել են այդ աշխարհը: Պապիկս գնահատելի նկարիչների հավաքածու ուներ: Ես մեծացել եմ արվեստի մթնոլորտում: Մինչև 9-ը տարեկան դառնալս ես բացարձակապես նկարել չեմ կարողացել: Մի օր առավոտյան արթնացա ու որոշեցի, որ պետք է նկարեմ: Մութ, ցուրտ, դժվար տարիներ էին, պապիկս, ձեռքս բռնած, ինձ տանում է նկարիչներից մեկի արվեստանոց: Ինձ տվեցին ներկեր, կտավներ, ու ես սկսեցի առաջին քայլերս:
– Պահպանե՞լ եք Ձեր առաջին նկարը, առաջին աշխատանքը:
– Այո՛, պահել եմ և առաջին գործս, որը մի բնանկար էր և մնացած բոլոր նկարներս: Ինձ նկատեց արվեստաբան, երջանկահիշատակ Հենրիկ Իգիթյանը, շատ հավանեց իմ նկարները և ընդունեց իր արվեստի ստուդիա-դպրոց:
– Ոտք դրեցիք արվեստի աշխարհ և մնացիք այդտեղ մինչ օրս: Երբևէ մտածե՞լ եք թողնել այն:
– Երբե՛ք, սա իմ աշխարհն է, առանց որի չեմ պատկերացնում կյանքս: Ես հոգով, սրտով, ողջ էությամբ այդ աշխարհին եմ նվիրվել ու կշարունակվի այդպես:
– Ասում են՝ արվեստը խանդոտ սիրուհու նման է և իր կողքին իրենից բացի ոչինչ չի հանդուրժում, իսկ Դուք, շատ երիտասարդ լինելով, ընտանիք, երեխաներ ունեք. համատեղելի՞ են արվեստն ու ընտանիքը:
– Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, սակայն ես կարողացել եմ համատեղել, ներդաշնակություն ստեղծել և հրաշալիորեն համադրել ընտանիքն ու նկարչությունը: Իմ բախտն այդ առումով ուղղակի բերել է. կինս հրաշալի անձնավորություն է և իմ արվեստին վերաբերվում է այն մեծ սիրով, ինչպես ինձ ու երեխաներին:
– Ռաֆայե՛լ, բոլոր նկարներն էլ Ձեր հոգեզավակներն են. կա՞ դրանց մեջ մեկը, որն առավել սիրելի է:
– Մարդն ապրում է և ամեն օր նոր ապրումներ է ունենում, նոր զգացումներ, որոնք նոր նկար են դառնում: Չեմ կարող առանձնացնել մի նկար. բոլորն էր իմն են ու հարազատ՝ երեխաներիս նման:
– Համաշխարհային կերպարվեստի պատմության երևելի նկարիչներից, քանդակագործներից ո՞վ է Ձեզ համար մեծություն, ումի՞ց եք ազդեցություն կրել…
– Միքելանջելոն, Լեոնարդո դա Վինչին, Վելասկեսը, Տիցիանը, Էլ Գրեկոն… Ինչ վերաբերում է ազդեցությանը, ասեմ, որ ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Ինձ վրա ազդեցություն է թողել հայկական ավանդական նկարչությունը, մանրանկարչությունը: Հայ նկարիչներից ինձ համար, անշուշտ, մեծություն են Մարտիրոս Սարյանը, Վարդգես Սուրենյանցը…
– Թվով քանի՞ ցուցահանդես եք ունեցել և ո՞ր երկրներում:
– Հայաստանում, սկսած 1994-ից, ունեցել եմ մոտ 7 ցուցահանդես, հիմնականում արտերկրում եմ ունեցել ցուցահանդեսներ: Հայաստանում արվեստի շուկա հասկացությունն ընդհանրապես չկա, արվեստասերները շատ քիչ են: Ես իմ արվեստանոցում ասես մի տեսակ մեկուսացած լինեմ (մեկուսացած բառը թեև այնքան էլ չեմ սիրում). երբ մտածում եմ, թե ես դրսում ինչ մեծ գործունեություն եմ ծավալել, ինչով եմ զբաղված և այստեղ ինչ եմ անում… Ցավոք, արվեստը չի ծաղկում Հայաստանում, այլ անկում է ապրում, հետին պլանում է:
– Վերջին ցուցահանդեսը որտե՞ղ է եղել և ի՞նչ աշխատանքներ եք ներկայացրել:
– Վերջինը եղել է Սանսեպոլկրոյում, ներկայացրել եմ 5 աշխատանք: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների գիրք-ալբոմը տպագրվեցՍկիրայում՝ համաշխարհային իտալական հրատարակչությունում: Ցուցահանդեսին ներկայացրած նկարների թեման էր՝ Քրիստոսի հետքը կերպարվեստում. Թուրինում գտնվող Հիսուսի վարշամակին անդրադարձած բոլոր ժամանակների նկարիչներն էին ընդգրկված և այսօրվա 7 ժամանակակից հեղինակ, որոնցից մեկը ես էի, իմ գործերը: Տպագրվել համաշխարհային մեծությունների հետ նույն ալբոմում, արդեն հպարտություն է, մեծ հաջողություն: Այսօր ես աշխատում եմ Իտալիայում ապրող իմ կուրատորի հետ, դեկտեմբերի 3-ին Տորինոյում (Թուրինում) ունեմ անհատական ցուցահանդես (որը կտևի մինչև փետրվարի13-ը), անհատական ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվելու են 14-15 աշխատանք, կլինի նաև նկարներիս նոր ալբոմի շնորհանդեսը:
– Սովորաբար, բանաստեղծությունը կարող ենք 10, 20 և ավելի շատ օրինակներով բազմացնել, սակայն նկարի բնօրինակը միակն է և հնարավոր չէ բազմացնել. երբևէ Ձեր վաճառված նկարները կարոտե՞լ եք և փորձե՞լ եք գնալ դրանց ետևից ու մի անգամ էլ տեսնել:
– Գնալ, տեսնել՝ չէ՛. հաճախ եմ կարոտել ու կարոտում եմ, բայց փորձում եմ ներսումս այդ կրակը, այդ հրաբուխը մարել, որովհետև դա պրոֆեսիոնալ չէ, մանավանդ հիմա, երբ աշխատում եմ պրոֆեսիոնալների հետ: Բայց դե մա՛րդ եմ, ռոբոտ չեմ և, անշուշտ, կարոտը կա:
– Դո՞ւք եք վաճառում Ձեր նկարները, թե՞ կան դրանով զբաղվող ուրիշ մարդիկ:
– Փառք Աստծո, ներկայումս ես աշխատում եմ եվրոպական մի շարք քաղաքների հետ և այդ խնդիրը ևս չունեմ: Այնտեղ կան պատկերասրահներ, որոնք էլ զբաղվում են այդ հարցով: Հայաստանում ինձ գտնում են ճանաչողների միջոցով, հանդիպում, և այդ ձևով է արվում վաճառքը, սակայն, ինչ խոսք, եվրոպական շուկան ավելի մեծ է:
– Հեշտությա՞մբ եք նվիրում Ձեր գործերը:
– Կարողանում էի… Հիմա՝ ոչ: Կա սովետական մի մտածելակերպ՝ մարդկանց թվում է, թե զբաղմունք է, նկարել է, էլի, ի՞նչ է արել որ… Հիմա չեմ նվիրում կամ էլ՝ հազվադեպ, երբ դիմացինս բացառիկ արվեստասեր է լինում:
– Ձեր կարծիքով այսօր ի՞նչ է պակասում արվեստագետին՝ ապրելու և ստեղծագործելու Հայաստանում:
– Սկսեմ մթնոլորտից և վերջացնեմ շուկա չլինելու հանգամանքով, որը արվեստագետին թույլ է տալիս նորմալ ապրել: Դա շատ կարևոր բան է: Նման հասկացողություն չկա, որ արվեստագետը պետք է աղքատ, տառապած ու թշվառ լինի: Ես տանել չեմ կարող հոգու սոված վիճակը: Արվեստագետը պետք է նյութական, կենցաղային խնդիրներ չունենա, որ կարողանա լիարժեք նվիրվել իր գործին:
– Խոչընդոտներ եղե՞լ են Ձեր ճանապարհին, և ովքե՞ր են օգնել՝ դրանք հաղթահարելու:
– Եղել են ու կան՝ սկսած իմ դասախոսներից, ովքեր, չգիտեմ ինչու, ուղղակի ինձ չեն սիրում:
– Այսինքն՝ արժանիքներն ամենից քիչ են ներվում մարդուն…
– Երևի դա այդպես է: Իմ բոլոր դժվար պահերին կինս է եղել կողքիս, հոգեբանորեն սատարել ինձ:
– Ամենից շատ ո՞ր նկարի վրա եք աշխատել:
– Դա կոչվում է «Մարութա», որն ինձնից մոտ 4-5 ամիս խլեց, սակայն ունեմ 10-15 րոպեում արված նկարներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 1-2 ժամում, ամիսներով արված նկարներիս:
– Ո՞ր թեման է ամենից շատ հուզում Ձեզ, և Դուք աշխատում եք այդ ուղղությամբ:
– Մարդու և բնության, կենդանական աշխարհի: Ուզում եմ մարդուն ռոբոտացված վիճակից հանել ու տանել դեպի բնություն: Տեսա՞ք, ես հիմա երկու շուն եմ պահում, որոնք նկարելիս գալիս են ու խելոք նստում կողքիս, անձայն հետևում աշխատանքիս:
– Ի՞նչն է Ձեզ անհանգստացնում՝ արվեստի հետ կապված:
– Չկա 70-80-ականների ծաղկուն արվեստը, մշակույթը, չկա նախկին ոգևորվածությունը, որովհետև չկա նաև ֆինանսավորում, առանց որի արվեստը չի կարող գոյատևել: Չեն կազմակերպվում դասախոսություններ ժամանակակից արվեստի մասին: Մենք պետք է սկսենք նաև մեզանից, միայն բարձր ատյաններից պահանջելը քիչ է:
– Կոչումներ, մեդալներ, պարգևատրումներ ունե՞ք:
– Շատ ունեմ. 30 տարեկանում (հիմա 33 եմ) ստացել եմ Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում: Իհարկե, հաճելի է, սակայն արվեստագետի կոչումը հենց արվեստագետ լինելն է, հենց նկարիչ լինելն արդեն ինքնին կոչում է: Սակայն ես ավելի ուրախ կլինեի, որ այդպիսի կոչումներ տային Խորհրդային Միության կարգերի ժամանակ դաստիարակություն ստացած ավագ սերնդի նկարիչնեիրն, ում համար դա մեծ նշանակություն ունի: Արտերկրում այդպիսի կոչումներ չկան. այնտեղ պատկերասրահներում ցուցադրվելն արդեն կոչում է: Իտալիայում ստացել եմ Լորենցո Մեդիչիի շքանշան, Ֆլորենցիայից արծաթե մեդալ բերեցի Հայաստան:
– Որպես արվեստագետ՝ աշխարհի ո՞ր քաղաքում կուզենայիք ծնված լինել և միշտ ապրել այնտեղ:
– Իտալիայի փոքրիկ, կոկիկ քաղաքներից մեկում:
– Իսկ Հայաստանո՞ւմ…
– Կուզենայի ապրել 60-70-ականների Հայաստանում, որի մասին լսել եմ: Գնահատում ու սիրում եմ կարգին հայերի տեսակը, որը շատ խոր տեսակ է, առանց այդ հայկական հիմնասյունի մենք ոչինչ ենք: Ես հպարտ եմ այդպիսի հայերով, հպարտ եմ իմ ազգությամբ. այն մարդը, ով ազգություն չունի, այն էլ՝ այսպիսի ազգություն, նա ոչինչ է: Ես հպարտ եմ, որ հենց հայ եմ ծնվել:
Կարինե Ավագյան