Հրանուշ Հակոբյան.«Հայաստանի ու հայ ժողովրդի ապագան քո ձեռքերում է, հա՛յ ուսանող»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/Usanoghutyan-or.jpg)
Ուսանողության միջազգային օրվա առթիվ իմ շնորհավորական խոսքն եմ ուղղում հայ ուսանողին՝ Հայաստանում և նրանից դուրս:
Այս օրը, սկսված երկրորդ աշխարհամարտի օրերին, ֆաշիզմի դեմ պայքարում և ողբերգական իրադարձությունների ելքով՝ չեխ ուսանողության կորուստների և համակենտրոնացման ճամբար գերեվարմամբ հիշատակվեց: Օր, որ հետագայում դառնալու էր ուսանողության ազատամտության, իրենց հայրենիքների անկախության, աշխարհում խաղաղության համար պայքարի ուժի, կամքի դրսևորման միջազգային օր: Սրանով հանդերձ, տոնը ևս մեկ անգամ շեշտում է ուսանողության՝ երիտասարդ լինելու և իր ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը, նշանակությունը որպես հասարակության ավանգարդային ուժ, երկրի ապագան կերտող:
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի բուհերում և աշխարհի տարբեր երկրների համալսարաններում, միջին մասնագիտական հաստատություններում սովորող հայ երիտասարդներին, ովքեր անցկացնում են իրենց կյանքում, ուսանողական, թերևս ամենաթանկ ու քաղցրահուշ տարիները:
Հայ ուսանողությունն այսօր քաջ գիտակցում է, որ երկրի տնտեսական, սոցիալական բնագավառներում, հասարակական կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա համազգային բազմաթիվ և դժվար խնդիրների լուծումը պայմանավորված է առաջին հերթին հենց իրենով, որ Հայաստան երկրի՝ իր Հայրենիքի ապագան իրենն է, և որ պետության, հասարակության զարգացման գործընթացներում, նորագույն տեխնոլոգիաների հարաճուն փոփոխման և զարգացման պայմաններում ինքն ունի մեծ դերակատարություն: Այսօրվա ուսանողությունը, երիտասարդությունն է հանդիսանում հազարամյակներով ձեռք բերված հոգևոր-մշակութային ազգային արժեքների կրողը, և, պահպանելով ու զարգացնելով դրանք՝ պետք է փոխանցի հաջորդ սերունդներին:
Այսօրվա հայ ուսանողը, առաջատար է նորարարության, ՏՏ ոլորտներում, բազմաթիվ հաջողություններ է գրանցել թե՛ մեր երկրում և թե՛ միջազգային մակարդակով, քանի որ բանիմաց է, կիրթ է ու բարձր արժեքներ է կրում: Եվ ամենակարևորը՝ պատրաստ է ներդնելու իր ներուժն ու կարողությունները հանուն մեր երկրի բարօրության:
Առանձնապես ուզում եմ շնորհավորել Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողներին, որոնց առջև ավելի մեծ խնդիրներ են դրված. վերադառնալով իրենց բնակության երկրներ և կայանալով որպես մասնագետներ, իրականացնել օտար երկրներում ապրող հայ սերունդների հայապահպանության առաքելություն, ստեղծել հայկական ընտանիք, ապահովել Հայրենիքի հետ իրենց համայնքների, հայկական կառույցների կապն ու գործակցությունը՝ ի շահ Հայաստանի զարգացման:
Առանձնահատուկ դերակատարություն ունեն արտերկրի համալսարաններում սովորող հայաստանցի ուսանողները, ովքեր Հայաստանից մեկնելով արտերկիր` պատասխանատվություն են կրում Հայրենիքի հանդեպ. նրանք Հայաստանի յուրատեսակ դեսպաններն են և պետք է ամեն ինչ անեն հայրենի պետության անունն ու հեղինակությունը բարձր պահելու և իրենցով սփյուռքի մեր հայրենակիցներին, ինչու չէ` բնակության երկրի հանրությանը Հայաստան երկիրը առավել ճանաչելի ու սիրելի դարձնելու համար: Եվ, որ ամենակարևորն է, ստանալով մասնագիտական որակավորում, վերադառնան և իրենց գիտելիքները ծառայեցնեն իրենց երկրի բարգավաճմանը:
Կրկին շնորհավորում եմ ուսանողի տոնը:
Հայաստանի ու հայ ժողովրդի ապագան քո ձեռքերում է, հա՛յ ուսանող:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ