Հրանոյշ Յակոբեան.«Հայաստանի Ու Հայ Ժողովրդի Ապագան Քո Ձեռքերում Է, Հա՛յ Ուսանող»
Ուսանողութեան միջազգային օրուայ առթիւ իմ շնորհաւորական խօսքն եմ ուղղում հայ ուսանողին` Հայաստանում եւ նրանից դուրս:
Այս օրը, սկսուած երկրորդ աշխարհամարտի օրերին, ֆաշիզմի դէմ պայքարում եւ ողբերգական իրադարձութիւնների ելքով` չեխ ուսանողութեան կորուստների եւ համակենտրոնացման ճամբար գերեվարմամբ յիշատակուեց: Օր, որ յետագայում դառնալու էր ուսանողութեան ազատամտութեան, իրենց հայրենիքների անկախութեան, աշխարհում խաղաղութեան համար պայքարի ուժի, կամքի դրսեւորման միջազգային օր: Սրանով հանդերձ, տօնը եւս մէկ անգամ շեշտում է ուսանողութեան` երիտասարդ լինելու եւ իր ներուժն առաւել արդիւնաւէտ օգտագործելու կարեւորութիւնը, նշանակութիւնը որպէս հասարակութեան աւանգարդային ուժ, երկրի ապագան կերտող:
Ջերմօրէն շնորհաւորում եմ Հայաստանի բուհերում եւ աշխարհի տարբեր երկրների համալսարաններում, միջին մասնագիտական հաստատութիւններում սովորող հայ երիտասարդներին, ովքեր անցկացնում են իրենց կեանքում, ուսանողական, թերեւս ամենաթանկ ու քաղցրայուշ տարիները:
Հայ ուսանողութիւնն այսօր քաջ գիտակցում է, որ երկրի տնտեսական, սոցիալական բնագաւառներում, հասարակական կենսագործունէութեան տարբեր ոլորտներում առկայ համազգային բազմաթիւ եւ դժուար խնդիրների լուծումը պայմանաւորուած է առաջին հերթին հէնց իրենով, որ Հայաստան երկրի` իր Հայրենիքի ապագան իրենն է, եւ որ պետութեան, հասարակութեան զարգացման գործընթացներում, նորագոյն տեխնոլոգիաների յարաճուն փոփոխման եւ զարգացման պայմաններում ինքն ունի մեծ դերակատարութիւն: Այսօրուայ ուսանողութիւնը, երիտասարդութիւնն է հանդիսանում հազարամեակներով ձեռք բերուած հոգեւոր-մշակութային ազգային արժէքների կրողը, եւ, պահպանելով ու զարգացնելով դրանք` պէտք է փոխանցի յաջորդ սերունդներին:
Այսօրուայ հայ ուսանողը, առաջատար է նորարարութեան, ՏՏ ոլորտներում, բազմաթիւ յաջողութիւններ է գրանցել թէ՛ մեր երկրում եւ թէ՛ միջազգային մակարդակով, քանի որ բանիմաց է, կիրթ է ու բարձր արժէքներ է կրում: Եւ ամենակարեւորը` պատրաստ է ներդնելու իր ներուժն ու կարողութիւնները յանուն մեր երկրի բարօրութեան:
Առանձնապէս ուզում եմ շնորհաւորել Հայաստանում սովորող սփիւռքահայ ուսանողներին, որոնց առջեւ աւելի մեծ խնդիրներ են դրուած. վերադառնալով իրենց բնակութեան երկրներ եւ կայանալով որպէս մասնագէտներ, իրականացնել օտար երկրներում ապրող հայ սերունդների հայապահպանութեան առաքելութիւն, ստեղծել հայկական ընտանիք, ապահովել Հայրենիքի հետ իրենց համայնքների, հայկական կառոյցների կապն ու գործակցութիւնը` ի շահ Հայաստանի զարգացման:
Առանձնայատուկ դերակատարութիւն ունեն արտերկրի համալսարաններում սովորող հայաստանցի ուսանողները, ովքեր հայաստանից մեկնելով արտերկիր` պատասխանատուութիւն են կրում Հայրենիքի հանդէպ. նրանք Հայաստանի իւրատեսակ դեսպաններն են եւ պէտք է ամէն ինչ անեն հայրենի պետութեան անունն ու հեղինակութիւնը բարձր պահելու եւ իրենցով սփիւռքի մեր հայրենակիցներին, ինչու չէ` բնակութեան երկրի հանրութեանը Հայաստան երկիրը առաւել ճանաչելի ու սիրելի դարձնելու համար: Եւ, որ ամենակարեւորն է, ստանալով մասնագիտական որակաւորում, վերադառնան եւ իրենց գիտելիքները ծառայեցնեն իրենց երկրի բարգաւաճմանը:
Կրկին շնորհաւորում եմ ուսանողի տօնը:
Հայաստանի ու հայ ժողովրդի ապագան քո ձեռքերում է, հա՛յ ուսանող:
ՀՀ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ