ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորել է Միսլատայում հայկական առաջին ռադիոժամի հիմնադրման առիթով
Իսպանիայի հայ համայնքի և «Արարատ» հայկական միության սիրելի՛ ներկայացուցիչներ,
Սիրելի՛ Արարատ Ղուկասյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ «Արարատ» միության ջանքերով Իսպանիայի Միսլատա քաղաքում «Հայկական ժամ» հայկական առաջին ռադիոժամը հիմնելու կապակությամբ:
«Հայկական ժամ»-ի հեռարձակումը, հատկապես հայ մանուկների և պատանիների համար, եզակի հնարավորություն է՝ լսելու Ոսկեղենիկ մեր մայրենին, ծանոթանալու հայ ազգային արժեքներին և ամենափոքր տարիքից դառնալու հայկական արժեհամակարգի իրական կրողներն ու առաջինը հաջորդ սերունդներին փոխանցողները: Ուրախալի է նաև, որ հաղորդվող նյութն ու տեղեկատվությունն ուղեկցվում են հայ երգով ու ասմունքով:
Միսլատայի կիրակնօրյա դպրոցի հիմքի վրա հիմնելով «Արարատ» հայկական միությունը՝ Դուք տարիներ շարունակ դպրոցի աշակերտների ջանքերով բեմադրել եք ազգային-հայրենասիրական մոտիվներով ներկայացումներ, կազմակերպել եք ցուցահանդեսներ, Վալենսիայում հիմնել եք «Հայրենիք» անունով մինչ օրս գործող առաջին հայկական թերթը, իսկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Կենաց խաչ» հուշարձանի տեղադրումը և Վալենսիայում անցկացված բազմաթիվ այլ միջոցառումները նպաստեցին, որ հոկտեմբերի 27-ին Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա քաղաքը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը` համալրելով Իսպանիայի տասնյակ այն քաղաքների ցանկը, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Չեմ կասկածում նաև, որ «Հայկական ժամ» ռադիոժամով եթեր հեռարձակվող թողարկումները ազգային նոր շունչ ու ավյուն պիտի հաղորդեն Իսպանիայի հայ համայնքին՝ խթան դառնալով նորանոր հայանպաստ որոշումների կայացմանը:
Համոզված եմ, որ Ռադիոժամի հաղորդավարները՝ պատմաբան, հայ ազգային արժեքների նվիրյալ, մեզ շատ սիրելի Արարատ Ղուկասյանը, կինոգետ Գայանե Ղազարյանը և ողջ խմբագրակազմը, կկարողանան կատարել իրենց առջև դրված պարտականությունը, սեր կարթնացնեն Հայրենիքի նկատմամբ, ցանկություն՝ Հայաստան այցելելու և Մայրենին սովորելու:
«Հայկական ժամ»-ին մաղթում եմ անխափան եթեր ու նորանոր ձեռքբերումներ:
Բարի՛ երթ «Հայկական ժամ»-ին:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ