Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի.-ին

Ամենապատի՛վ և գերերջանի´կ Տեր,

Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:                   Անկասկած մեծ է Ձեր նվիրումը Հայ Կաթողիկե եկեղեցուն և անսահման՝ սերն ու պատասխանատվությունը, որոնք  ուղղորդում են Ձեզ երկնահաճո Ձեր գործունեության մեջ:

Այս մասին են  վկայում  նաև դեռևս Ֆրանսիայի հայ կաթողիկե համայնքում, Հայ Կաթողիկե Մեսրոպյան վարժարանում և Զմմառի դպրեվանքում Ձեր ծավալած  հոգևոր ու ազգային նվիրյալ ծառայությունը:

Ամենապատի՛վ և գերերջանի՛կ Տեր,

Հաճելի էր, երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկները համակարգող պետական հանձնաժողովի նիստին մասնակցելու առիթով Հայաստանում գտնվելու օրերին ժամանակ գտաք և այցելեցիք  նաև ՀՀ սփյուռքի նախարարություն: Ձեզ հետ կայացած հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց Հայ կաթողիկե եկեղեցու և Հայաստանի անքակտ ու կառուցողական համագործակցության մասին, որը, վստահ եմ,  է՛լ ավելի է խորանալու:

Ձեր  Հայաստան կատարած այցն, անշուշտ, ուներ նաև  իր հոգևոր խորհուրդը: Քանզի թարմ են տպավորությունները Գյումրիում Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Առաջնորդանիստ եկեղեցու  օծման  ու  Սուրբ պատարագի,  Հռոմի պապի ներկայացուցիչ կարդինալ Լեոնարդո Սանդրիի համանախագահությամբ և Ձերդ Ամենապատվության ձեռամբ, որն իր  դռները բացեց հազարավոր հավատացյալների առջև: Այն Հայ Կաթողիկե եկեղեցու նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների անմար  հիշատակի  ու  ոգեկոչման հերթական խնկարկումն էր:

Վստահ եմ, որ շարունակելու ենք մեր կառույցների միջև ձևավորված համատեղ նախաձեռնությունները, մասնավորապես՝ Զմմառի եկեղեցու մատենադարանի ձեռագրերի թվայնացման աշխատանքները, ինչի շնորհիվ մշակութային այդ թանկարժեք նմուշները փրկվեցին ոչնչացումից և հասանելի դարձան ապագա սերունդներին:

Ուզում եմ հույս հայտնել, որ թվայնացված ձեռագրերի կրկնօրինակները երբևէ իրենց տեղն են գտնելու նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում՝  հասու դառնալով  ուսումնասիրողներին և  այցելուներին:

Մեծ է նաև Հայ Կաթողիկե եկեղեցու բերած ավանդը՝ նյութական և բարոյական մեծ աջակցությունը սիրիահայերին, որ Հայրենիքում բազմաթիվ սիրիահայ ընտանիքների համար ջերմության և սիրո յուրօրինակ աղբյուր  է դարձել:

Ամենապատի՛վ և գերերջանի՛կ Տեր,

Իմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ:

Թո´ղ Ձեր հովվապետական առաջնորդությամբ Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը նոր հաջողություններ ունենա, և թող Աստծո օրհնությամբ առավել արգասավորվեն Հայրենիքի և Սփյուռքի խաղաղությանն ու բարօրությանն ուղղված Ձեր ազգապահպան  ձեռնարկները:

Թո´ղ Աստված Ձեզ պարգևի երկար տարիների բեղուն կյանք` ի փառս Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկե Եկեղեցու և ի ոգևորություն հայ կաթողիկե համայնքների:

 

ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ                                                     

 

 

 

 

 

 

 

Scroll Up