Փարիզի ահաբեկչությունները կարելի է խորհրդանշական մարտահրավեր համարել. Ֆրանսահայ գործիչ

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը վերջին մի քանի տասնամյակի ընթացքում աննախադեպ է Ֆրանսիայի Հանրապետության համար. այդ մասին է խոսում զոհերի թիվը՝ շուրջ 150 մարդ: Հայտարարված է համապետական արտակարգ դրություն, մշտապես մարդաշատ մայրաքաղաք Փարիզի փողոցները, որտեղ տեղի են ունեցել ահաբեկչական գործողությունները, դատարկ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը:

Նրա խոսքով՝ ահաբեկչությունները կարելի է խորհրդանշական մարտահրավեր համարել, քանի դրանք տեղի են ունեցել համաժողովրդական միջոցառումների ընթացքում եւ դրանց անցկացման վայրերում:

Ըստ Մուրադ Փափազյանի, երկրի ուժային բոլոր կառույցները բերվել են արտակարգ ռեժիմի:

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների եւ պատանդառվածների շրջանում ազգությամբ հայերի առկայության մասին տեղեկություններ, CCAF նախագահի խոսքով, այս պահի դրությամբ չկան:

Նշենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ահաբեկչությունների շարք է գրանցվել յոթ տարբեր վայրերում։ Վերջին տվյալներով, զոհերի թիվն առնվազն 150 է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։

Scroll Up