Թուրքիայում վավերագրական ֆիլմ է նկարահանվում Դերսիմի հայերի կոտորածների մասին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/15903.jpg)
Թուրքիայում վավերագրական ֆիլմ է նկարահանվում՝ Դերսիմի Վանք գյուղի հայերի՝ 1937-38թթ. կոտորածների մասին: Ըստ «Özgur Gündem» թերթի կայքի տեղեկատվության՝ վավերագրական ֆիլմը կոչվում է «Վանքի երեխաները» և պատմում է Վանք գյուղի, այնտեղ բնակվող հայերի ու նրանց դաժան ճակատագրերի, տեղի պատմական հայկական վանական համալիրի մասին, որը ռմբակոծվել և ավերվել է 1938-ին: Ֆիլմի ռեժիսորը Նեզահաթ Գյունդողանն է: Ֆիլմում ներկայացված է նաև երեք տարբեր ազգերի և տարբեր կրոնների պատկանող երեք եղբայրների պատմությունը: Եղբայրներից ամեն մեկը ճակատագրի բերումով ապրել է տարբեր ինքնություններով՝ որպես հայ, թուրք և քուրդ: Նրանցից մեկը քրիստոնյա է, մյուսը՝ մուսուլման, երրորդը՝ ալևի: Այս պատմությունն իր ցուցադրում է Դերսիմի կոտորածների ողջ դառնությունը:
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ֆիլմի ռեժիսորը նշել է, որ Վանք գյուղն ու դարեդար այնտեղ բնակված հայերի պատմությունները բացահայտել է պատահաբար, երբ «Դերսիմի կորած աղջիկները» ծրագրի շրջանակներում որոնելիս է եղել դերսիմցի մի կորած հայ աղջկա ազգականներին:
Գյունդողանն ընդգծել է, որ հայերը Դերսիմի դարավոր բնակիչներն են եղել, սակայն այսօր այդ բնակավայրում հայեր գրեթե չկան: Բոլորը հեռացել են, բնակություն հաստատել Թուրքիայի կամ աշխարհի տարբեր ծայրերում:
Ըստ ռեժիսորի՝ «Վանքի երեխաները» ֆիլմի նպատակն է ցույց տալ 1938թ. տեղի ունեցած դժբախտությունները, թուրքական պետության վարած մարդասպան և ասիմիլացիոն քաղաքականությունը, ինչպես նաև պետությանն ու հանրությանը ստիպել առերեսվել անցյալի հետ:
Վավերագրական ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է 2016 թվականին: