Արա Գյուլերի լուսանկարների համապարփակ ցուցադրությունը` «Ֆոտոստամբուլի» շրջանակներում

Ստամբուլում այս օրերին ընթանում է մինչ օրս այս քաղաքում կազմակերպված ամենալայնամասշտաբ լուսանկարչական միջոցառումը՝ Բեշիքթաշի երկրորդ միջազգային լուսանկարչական փառատոնը, որը նաև հայտնի է «Ֆոտոստամբուլ» անվամբ: Բեշիքթաշի  թաղապետարանի պաշտոնական կայքի՝ «Besiktas.bel.tr»-ի համաձայն՝ փառատոնին մասնակցում են շուրջ  60 լուսանկարիչներ` ԱՄՆ-ից, Ասիայից , Եվրոպայից և Թուրքիայից, գրում է ermenihaber.am-ը:

Բեշիքթաշի թաղապետարանի կողմից կազմակերպված միջոցառումը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին և կավարտվի նոյեմբերի 8-ին: Փառատոնը կազմակերպվել է անմիջապես քաղաքի փողոցներում ու հրապարակներում՝ բաց երկնքի տակ, ինչպես նաև՝ Օրթաքյոյի մանկատանն ու մշակույթի կենտրոնում:

Ըստ աղբյուրի՝ «Ֆոտոստամբուլ 2» փառատոնի շրջանակներում նախատեսված են 48 ցուցահանդես, 15 կլոր սեղան և քննարկում, 80 լուսանկարչական ցուցադրություն և մի շարք այլ մշակութային միջոցառումներ:
«Ֆոտոստամբուլ»-ի հիմնական թեման այս տարի «Այլ կյանքեր»-ն է: Ցուցադրություններից մեկը ներկայացված է Բեշիքթաշի Բահչեշեհիր համալսարանի հարևան փողոցում՝ բացօթյա պայմաններում և հատուկ վագոններում:

«Հյուրիյեթ»-ի սյունակագիր Դողան Հըզլանի վկայությամբ՝ փողոցի անմիջապես մուտքի մոտ տեղադրված է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի մի քանի մետր բարձրությամբ, փայտից կառուցված հսկայական պատկերը: Իսկ փողոցում ցուցադրված է Գյուլերի «Կորուսյալ Ստամբուլ» խորագրով լուսանկարների շարքը՝ Ստամբուլի համայնապատկերներով:

Բեշիքթաշի պաշտոնակայքի տեղեկացմամբ՝ «Հարգանք վարպետներին» նախաձեռնության շրջանակներում այս տարի փառատոնի ընթացքում հատկապես ուրույն տեղ է հատկացվել Արա Գյուլերին: Բացի այն, որ կազմակերպված համապարփակ ցուցահանդեսում կարելի է դիտել նաև Գյուլերի մինչ այս անհայտ, չցուցադրված աշխատանքները, Գյուլերի լուսանկարի վերաբերյալ նաև հատուկ ժողով -քննարկում է կազմակերպվել:

Բացի այս, ներկայացված են լուսանկարիչներ Սինան Քըլըչի, Սերքան Չոլաքի, Սըթքը Քյոսեմենի, Ժոզեֆ Կուդելկայի աշխատանքները՝ պատերազմների, դրանց թողած հետևանքների ու ազդեցությունների, ավերակների և նմանատիպ թեմաներով աշխատանքները: Բեշիքթաշյան այս ցուցադրության շրջանակներում արծարծվում են նաև կանանց իրավունքներին, նրանց հասարակական դիրքին առնչվող թեմաներ:

Ցուցահանդեսում տեղ է գտել նաև Դիանա Մարկոսյանի՝ հայ ծերունուն պատկերող լուսանկարը, որը ազգայնական թեմաներով նրա աշխատանքների խորհրդանիշն է:

Նշենք, որ «Ֆոտոստամբուլ 2»-ին մասնակցել են շուրջ քսան այլազգի ականավոր լուսանկարիչներ, որոնց թվում՝ Ժոզեֆ Կուդելկան, Անդերս Պետերսենը, Աթթա Քիմը, Ստենլի Գրինը:

Scroll Up