«Արմեն ճամբարը» կարծես Թուրքիայում Ցեղասպանության հուշակոթող լինի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/Camp-Armen-Tuzla.jpg)
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող՝ «Արմեն ճամբար» («Քամփ Արմեն») անվանումով հայտնի որբանոց-ճամբարը, որը բռնագրավվել էր թուրքական պետության կողմից 1980-ականներին, անցած շաբաթ վերադարձվել է հայկական համայնքին: Թուրքիայում հայ երիտասարդների կողմից հիմնադրված «Նոր Զարթոնք» հասարակական կազմակերպությունը մասնակցել է ճամբարի վերադարձման պայքարին:
«Եթե ցանկանայինք Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող կանգնեցնել, դրա կարիքը չէր լինի: «Արմեն ճամբարը» կարծես հենց այդ հուշակոթողը լինի»,- Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդմամբ՝ Repairfuture.net-ին տված հարցազրույցում ասել է «Նոր Զարթոնքի» ակտիվիստ Սայաթ Թեքիրը:
«Արմեն ճամբարի պայքարին բազմաթիվ մարդիկ են մասնակվել, և այս մարդիկ նախկինում քաղաքական հարթակում չէին երևացել: Պայքարը քաղաքականացրել էր մարդկանց: Մենք «Արմեն ճամբարը» վերածել էինք մի վայրի, որտեղ հայերի վերաբերյալ ցանկացած հարցի մասին կարելի էր խոսել: Մենք քննարկումներ կամ մշակույթի և պատմության վերաբերյալ միջոցառումներ էինք կազմակերպում այնտեղ: Մենք այն անընդհատ կենդանի էինք պահում», – ասել է ակտիվիստը:
Ըստ նրա՝ պայքարի 100-րդ և 121-րդ օրերին երկու հարձակումներ են եղել: «Պատճառը հատկապես ընտրությունների արդյունքում լարված մթնոլորտն էր, երբ ակտվանում են ազգայնամոլությունը և ռասիստական հակումները. «Արմեն ճամբարը» վերածվել էր թիրախի»,- ասել է Թեքիրը:
«Արմեն ճամբար»-ը, որը կառուցվել է հայ որբերի աշխատանքով, թուրքական պետության որոշումով փակվել է 1983-ին: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին. նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել վերանորոգել որբանոցը, ինչի պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում:
2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել: Հոկտեմբերի 27-ին ճամբարի սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին: