Արա Թորանյան «Մենք կմնանք Հայաստանում և մեր բախտը կկապենք Հայրենիքի հետ»
Սիրիայում ծավալված պատերազմական գործողությունների հետևանքով մեր հայրենակիցներից շատերն ապաստան են գտել Հայրենիքում, զավակներն էլ իրենց ուսումն են շարունակում մայրաքաղաքի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում գործող «Կիլիկյան» վարժարանում և մայրաքաղաքի այլ դպրոցներում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում:
«Հայերն այսօր»-ի թղթակցի հետ իր մտորումներն ու խոհերն է կիսել Սիրիայի Հալեպ քաղաքից Երևանում հանգրվանած Արա Թորանյանը:
-Ես Հայաստան եմ եկել 2012-ի հուլիս ամսին: Հալեպում ծավալված պատերազմական գործողությունների պատճառով ընտանիքիս` տիկնոջս և դպրոցահասակ երկու աղջիկներիս հետ եկել ենք Երևան:
Երեխաներս բարձր առաջադիմությամբ սովորում են Երևանի թիվ 54 դպրոցում: Ո´չ ես, ո´չ տիկինս առայժմ աշխատանք չունենք: Կինս մանկավարժ է, հայոց լեզվի մասնագետ, ես մասնագիտությամբ ստոմատոլոգ եմ, բայց Հալեպում եղել եմ ակնոցավաճառ…
-Ակնոցավաճա՞ռ, բայց Դուք բժիշկ եք, Ձեր մասնագիտությամբ չե՞ք աշխատել:
– Ես ավարտել եմ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 1994-ին, բայց զբաղվել եմ ակնոցի գործով: Ես ոչ միայն վաճառում եմ, այլև ինքս եմ վերցնում չափսերը, տաշում, պատրաստում, զետեղում շրջանակի մեջ: Մեկ ուրիշ տեղ մարդիկ այդ գործի մեջ ներգրավում են 4-5 հոգի. ես ամեն ինչ միայնակ եմ անում: Դա էլ բժշկի աշխատանք է:
Իմ մասնագիտությամբ աշխատելու համար շատ բան պիտի վերհիշեմ, վերականգնեմ այն գիտելիքները, ինչ ստացել եմ բուհում և երբեք չեմ օգտագործել:
-Հրաշալի խոսում եք արևելահայերեն:
-Այո՜: Ես ծնվել եմ Բուլղարիայում, հետո եկել ենք Երևան, ապրել ենք այստեղ 7 տարի, մինչև 4-րդ դասարան հաճախել եմ Եղիշե Չարենցի անվան դպրոց: Տեղափոխվել ենք Սիրիա, այնտեղ եմ ավարտել դպրոցը, որից հետո Ռումինիայում ընդունվել եմ Բժշկական համալսարան, այնուհետև շարունակել եմ ուսումս Երևանի բժշկական համալսարանում, 1995-ին ամուսնացել եմ Երևանում, (կինս այստեղից է) և մեկնել ենք Սիրիա:
Ահա և արևելահայերեն մաքուր խոսելու զորավոր պատճառները. մեր ընտանիքում բոլորն էլ խոսում են վարժ արևելահայերենով:
-Խոսենք աշխատանքի փնտրտուքներից:
-Մինչև այդ մասին խոսելն ասեմ, որ մենք ընտանիքով ապրում ենք կնոջս ծնողների մոտ. նրանք սեփական տուն ունեն: Այդ կողմից ապահով ենք, սակայն աշխատանք գտնելուց հետո պիտի մտածենք մեր տունն ունենալու մասին, քանի որ մտադրություն ունենք մնալու Երևանում:
Ինչ վերաբերում է աշխատանքին, ասեմ, որ փնտրտուքի մեջ եմ. հնարավոր է` շարունակեմ ակնոցավաճառի աշխատանքս, բայց մեկ ուրիշ մտադրություն ու ցանկություն ունեմ. դիմել եմ Հայաստանում Ռումինիայի դեսապանատուն և ակնկալում եմ ռումիներենի իմ իմացությամբ (18 տարի ապրել եմ այնտեղ) աշխատանքի տեղավորվել դեսպանատանը: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի:
-Ուրիշ ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Մեր ընտանիքն անչափ արվեստասեր է, Հալեպում միշտ հաճախել ենք մշակութային զանազան միջոցառումների, սիրում ենք թատրոն, օպերա: Այստեղ դեռևս ոչ մի ներկայացման, համերգի չենք հաճախել. տրամադրությունս այն չէ:
Ասեմ, որ Հալեպում ես երկար տարիներ Ադամյան թատերախմբի անդամ եմ եղել. իմ առաջին գլխավոր դերը Հայաստանում կրթված Գրիգոր Քելեշյանի բեմադրության մեջ Սողոմոն Թեհլերյանի դերն էր 1980-ին: Մեր թատերախումբը Հայաստանում մասնակցել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին` ներկայացնելով «Տիգրան Մեծ» բեմադրությունը, ուր ես դարձյալ խաղում էի: Այս տարի, ցավոք, պատերազմի պատճառով չկարողացանք պատրաստվել և մասնակցել «Իմ Հայաստան» փառատոնին:
-Հալեպի ո՞ր թաղամասում է Ձեր տունը, Ձեր գրասենյակը, և ի՞նչ վիճակում են դրանք` ըստ Ձեր ունեցած վերջին տեղեկությունների:
-Մինչև վերջերս տեղեկություն ունեմ, որ թե՜ տունս, թե՜ գրասենյակս անվնաս են: Մենք ապրում ենք Հալեպի առավել ապահով թաղամասում` Գարդը Բաղդադում: Հալեպում կա՜ն այդպիսի մի քանի տարածքներ: Մշտապես հետևում ենք իրադարձություններին և անհամբեր սպասում խաղաղության հաստատմանը:
-Պատերազմից հետո կվերադառնա՞ք Սիրիա, թե՞…
-Ես ամեն օր սպասում եմ, որ Սիրիայում խաղաղություն տիրի, բայց մենք մտադրություն ունենք մեր կյանքը շարունակել այստեղ` Հայրենիքում, ուր ապրել եմ 7 տարի. հարազատության աննկարագրելի զգացում ունեմ, երեխաներս իրենց շատ լավ են զգում այստեղ: Իմ երազանքը միշտ էլ Հայաստանում հաստատվելն է եղել: Մենք կմնանք և մեր բախտը կկապենք Հայրենիքի հետ:
Զրուցեց Կարինե Ավագյանը