Չեխական «Պլավ»-ի բացառիկ համարը՝ նվիրված հայ գրականությանն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/10/Plav-04-2015-330.jpg)
2015-ի հունիսին լույս տեսավ չեխական «Պլավ» գրական ամսագրի հատուկ համարը՝ նվիրված հայ գրականությանը եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Համարի պատրաստումը իրականացրել է ամսագրի խմբագիր Պավլա Նեհասիլովան՝ համագործակցությամբ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի։ Առաջին անգամ չեխերենով ներկայացվում են Հայոց ցեղասպանության թեմային նվիրված հայ ժամանակակից գրականության նմուշներ, որոնք վերջին տասնամյակներին արժանացել են ոչ միայն պետական մրցանակների, այլեւ ընդունելություն գտել ընթերցողների շրջանում։ Այս մասին հայտնում է Orer.eu-ն:
Համարի շապիկը, որի վրա գրված է «100 տարի անց», զարդարում է պրահայաբնակ գեղանկարիչ Հովիկ Մուրադյանի հատուկ այս համարի համար պատրաստած կտավի գունեղ պատկերը։
«Ցեղասպանությունը լոկ մեկ ազգի ողբերգությունը չէ, այլ ողջ մարդկության» վերանագրով է բացվում ամսագրի առաջին հարցազրույցը գրաքննադատ, արձակագիր եւ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի հետ, որը վարել է ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։ Զրույցում անդրադարձ է կատարվում ցեղասպանության թեմայով լույս տեսած գրականությանը եւ մասնավորապես Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» ու «Բանկ Օտոման» վեպերին։ Ի դեպ, ամսագրում տպագրվել է մի հատված առաջին վեպից, որը թարգմանել է չեխ հայագետ Միլադա Կիլյանովան։ Չեխ հայագետ Աննա Սոխովայի թարգմանությամբ էլ հրատարակվել է արձակագիր Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպից մի հատված՝ նվիրված ցեղասպանության պատմությանը։ Սոխովայի թարգմանությամբ տեղ է գտել նաեւ արձակագիր Արմեն Շեկոյանի «Իգդիր» պատմվածքը։ Լիբոր Դվորժակի թարգմանությամբ ներկայացվել է հայտնի դերասանուհի, արձակագիր եւ թարգմանիչ Անահիտ Թոփչյանի ՙԽենթ աղջիկ՚ պատմվածքը՝ «Lady S.D.F. » ժողովածուից։ Առաջին անգամ չեխերենով ներկայացվում է նաեւ մի հատված ռումինահայ հայտնի գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» գրքից, որն արդեն թարգմանվել է եվրոպական տասնյակից ավելի լեզուներով եւ 2015-ի վերջին լույս կտեսնի նաեւ չեխերենով։ Գիրքը թարգմանել է չեխ ռումինագետ Յարմիլա Հորակովան։
Հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, գրականությանն ու ցեղասպանությանն է նվիրված ռուսագետ Ռադկա Ռուբիլինայի «Հայաստան. տարածության, ժամանակի ու սահմանների միջեւ» էսսեն։ Ռադկան աշխատում է Երեւանում՝ ԵԱՀԿ գրասենյակում։ «Պլավ»ի այս համարում տեղ են գտել նաեւ արեւմտահայ պոեզիայի նմուշներ՝ Դանիել Վարուժանի ու Սիամանթոյի բանաստեղծությունները։ Հրատարակվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»ից մի հատված։ Պոեզիայի նմուշները տողացի թարգմանել են Հայկ Ութիջյանը, Միլադա Կիլյանովան, Մարտինա Պիչմանովան, իսկ հանգավորումը կատարել է Լուդեկ Լիշկան։ Առաջին անգամ չեխերենով ներկայացվում է նաեւ հայ դասական Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» գործը՝ Անդրան Աբրահամյանի թարգմանությամբ։ Պոեզիան չեխերենին զուգահեռ ներկայացվում է նաեւ հայերենով։ Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականության մասին է խմբագիր Հակոբ Ասատրյանի հոդվածը, որին իր մասնակցությունն է բերել նաեւ թարգմանչուհի Մ.Կիլյանովան։ Հեղինակը անդրադարձ է կատարում ոչ միայն ցեղասպանության թեմայով հայերենով լույս տեսած գեղարվեստական գրականությանը, այլեւ չեխերենով հրատակարված գրքերին։