Լեհ գիտնական. Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելը Թուրքիայի մեծ սխալն է

Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելը մեծ սխալ է Թուրքիայի կողմից, քանի որ բոլոր ապացույցները կան, որ Ցեղասպանությունն իսկապես տեղի է ունեցել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց լեհ գիտնական, հայերի եւ Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ Զբիգնեւ Շմուրլոն:

Նրա խոսքով, թուրք ժողովուրդը, հավանաբար, դեռեւս պատրաստ չէ ճանաչել Ցեղասպանությունը, ինչպես եւ թուրքական կառավարությունը. այն արդեն չի հաշտվել մտքի հետ, որ Հայոց ցեղասպանության փաստն արդեն ապացուցված է: Հնարավոր է՝ միջազգային հանրության ճնշումը Թուրքիային կստիպի մի օր ճանաչել Ցեղասպանությունը:

Զբիգնեւ Շմուրլոյի վերջին հոդվածները նվիրված են Հռոմի Պապի ելույթին եւ դրան Թուրքիայի արձագանքին: Թուրքիան դատապարտեց այն, որ Պապն արտասանեց «ցեղասպանություն» բառը: Իր հոդվածների պատճառով գիտնականը չի կարող մուտք գործել Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածք, փոխարենը նա մի քանի անգամ եղել է Լեռնային Ղարաբաղում եւ ահա 25 տարի ուսումնասիրում է հայերին եւ Հայոց ցեղասպանության հարցը:

Նրա խոսքով, Լեհաստանում Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր եւ նյութեր կան, եւ ընդհանուր առմամբ լեհերը գիտեն, թե ինչ է դա: Իսկ գիտնականն իր հոդդվածներով փորձում է լեհերին ներկայացնել հայերի պատմությունն ու մշակույթը:

Զբիգնեւ Շմուրլոն Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «Հայոց ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» գիտաժողովին մասնակցելու նպատակով, որն այսօր մեկնարկել է Երեւանում: Վաղը՝ հոկտեմբերի 16-ին, նա հանդես կգա զեկույցով լեհ գրող Զոֆյա Նալկովսկայի մասին, որը 1925 թվականին Հայոց ցեղասպանության մասին վիպակ է գրել:

Scroll Up